Կոտայքի մարզի ոստիկանության Նաիրիի բաժին ապրիլի 27-ի առավոտյան՝ 06։00-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Երեւան-Աշտարակ մայրուղու 5-րդ կիլոմետրում կրակոցներ են հնչում։

Ինչպես NEWS.am-ին դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են մեկնել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները՝ վարչության պետի տեղակալ Համլետ Մխիթարյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր են մեկնել նաեւ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության աշխատակիցները՝ ոստիկանության Կոտայքի մարզի վարչության պետի տեղակալ Կորյուն  Հարությունյանի եւ Նաիրիի ոստիկանության բաժնի պետ Կարեն Գինոյանի գլխավորությամբ:

Պարզվել է, որ նշված վայրում տեղի են ունեցել կրակոցներ եւ դեպքի վայրից երկու մարդու կրծքավանդակի ձախ շրջանում ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ Վնասվածքներ ստացածներ են եղբայրներ 42-ամյա Գագիկ Միրզոյանը եւ 38-ամյա Վահե Միրզոյանը։ Ըստ ականատեսների, նրանք ունեն գազաեւ բենզալցակայան` Երեւան-Էջմիածին ճանապարհին:

Նշված վայրում ոստիկանները հայտնաբերել են «Միթսուբիշի Պաջերո» մակնիշի 13 ՏՕ 698 համարանիշի ավտոմեքենա, որի վարորդի կողմի դռան վրա կրակոցների հետքեր են հայտնաբերվել։

Այս պահին ավտոմեքենան տեղափոխվել է Նաիրիի ոստիկանության տուգանային հրապարակ։ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի բաժանմունքում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 7-րդ մասերով (Երկու կամ ավելի անձանց սպանության փորձ) եւ 235 հոդվածի 1-ին մասով (ապօրինի հրազեն կրելը, պահելը, փոխադրելը)։ Ոստիկանության Կոտայքի մարզի քննչական բաժնի քննիչները` մարզի քննչական բաժնի պետ Վալենտին Պապյանի եւ Նաիրիի քննչական բաժանմունքի պետ Մարատ Դուրյանի գլխավորությամբ նշված վայրում քննչական աշխատանքներ են կատարում։ Տեղում է նաեւ դատափորձագետը։

Լուսանկարները եւ տեսանյութը` Գագիկ Շամշյանի