Լիբիայի ղեկավար Մուամար Քադաֆիի բունկերը ՆԱՏՕ-ի ավիահարվածների «օրինական թիրախն է»: Այս մասին ապրիլի 26-ին հայտարարել են ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարներ Ռաբերտ Գեյթսն ու Լիամ Ֆոքսը` Պենտագոնում հանդիպման ժամանակ:

Նախարարների խոսքով, օբյեկտները, որոնցից Քադաֆին իրականացնում է իր զորքերի հրամանատարությունը, մնում են կոալիցիայի օդային գրոհների վտանգի տակ:

«Մենք այդ օբյեկտները հատուկ չենք պահում մեր նշանառության տակ, բայց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւ համաձայն, դրանք համարում ենք օրինական թիրախներ, ինչպես բոլոր լիբիական ռազմական հրամանատարական կենտրոնները, որոնք գտնում ենք»,- ընդգծել է Գեյթսը, հաղորդում է RBC-ն` վկայակոչելով Associated Press-ը:

Այս արտահայտությունները հնչել են ի պատասխան Ռուսաստանի վարչապետ Պուտինի քննադատությունների, ըստ որի, ոչ ոք իրավունք չունի մահապատժի ենթարկել Քադաֆիին, քանի որ դատ չի եղել:

«Ասում էին, որ խաղաղ բնակչության շրջանում զոհեր չեն լինելու: Հիմա այնտեղ խաղաղ մարդիկ են մահանում: Ասում էին, որ չեն ուզում սպանել Քադաֆիին: Իսկ հիմա որոշ պաշտոնատար անձինք հայտարարում են, որ նրա ոչնչացումն անհրաժեշտություն է: Մի՞թե դատ է եղել»,- ասել էր Պուտինը: