Հայաստանի կառավարությունը արդյունավետ չի օգտագործում արտոնյալ վարկային միջոցները: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ապրիլի 27-ին հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանը: Նա նշեց, որ մշակել է օրենքի նախագիծ` վարկային միջոցների արդյունավետ օգտագործումը վերահսկելու մասին, սակայն այդ օրենքը չի ընդունվել:

«Ես կոալիցիոն ներկայացուցիչ լինեմ, թե` ոչ, հասկանում եմ, որ այդ միջոցները մենք արդյունավետ չենք օգտագործում»,-նկատեց Բոստանջյանը` սակայն չնշեց անուններ, ովքեր մեղավոր են այդ միջոցների ոչ արդյունավետ օգտագործման հարցում: Նա ընդամենը նշեց, որ կառավարությունում կան մարդիկ, ովքեր «կարողանում են իրենց գործը լավ անել, եւ կան մարդիկ, ովքեր իրենց գործը լավ չեն անում, չնայած հավակնելով այդ գործին»:

Ասուլիսին ներկա մեկ այլ բանախոս` «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը նշեց, որ վարկը, սովորաբար, վերցվում է այն ժամանակ, երբ կա պատրաստի ծրագիր ու այն այդ վարկի միջոցով պետք է իրականացվի: Ըստ Կարապետյանի` եթե վարկեր վերցնելու կառավարության ծրագիրը դրամի փոխարժեքը կայունացնելն էր, ապա դա խիստ  անթույլատրելի է:

«Մեր բոլոր վարկերը, որոնք նույնիսկ վերցվել են տնտեսության զարգացման համար, վերջիվերջո տնտեսական որոշակի մեխանիզմներով ուղղված են եղել քաղաքական խնդիրների լուծմանը` որպեսզի երկրում իրավիճակը չհասնի սոցիալական բունտի: Վարկ վերցնողների նպատակը ամենեւին էլ չի եղել տնտեսության զարգացումը»,-նկատեց ՆԺԿ ղեկավարը` այդ հարցում մեղադրելով կառավարությանն ու կառավարության ղեկավարին: