Թանկացնելով փողը՝ Կենտրոնական բանկը գենոցիդի է ենթարկում տնտեսությանը։ Այսօր` ապրիլի 27-ին ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը այս եւ մի քանի այլ մեղադրանքներ ներկայացրեց ՀՀ Կենտրոնական բանկին եւ կառավարությանը։

Նախկին վարչապետի կարծիքով՝ ԿԲ-ն գնաճի դեմ պայքարելու համար բարձրացնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, ինչի հետեւանքով առեւտրային բանկերն իրենց հերթին թանկացնում են վարկը, որից էլ տուժում է տնտեսությունը։

Անդրադառնալով ԿԲ ֆինանսական համակարգի կայունության եւ զարգացման վարչության պետ Վահե Վարդանյանի երեկվա այն հայտարարությանը, ըստ որի՝ միջազգային շուկաներում ընթացող զարգացումները 2010 թ, ընդհանուր առմամբ, դրական են անդրադարձել Հայաստանի ֆինանսական կայունության վրա, Բագրատյանն ասաց, որ միայն «պաթոլոգիական ապուշը» կարող է նման մտքեր արտահայտել:

Մեղադրանքի իրենց բաժինը ստացան նաեւ առեւտրային բանկերը, որոնք, ըստ վարչապետի՝ «կլպում են ժողովրդին», քանի որ փոխարժեքի տատանման հետ կապված բոլոր ռիսկերը գցում են ավանդատուների վրա։

Հ. Բագրատյանը մի քանի համեմատություններով փորձեց ցույց տալ, որ Հայաստանի բանկային համակարգը էական դեր չունի, եւ գտնվում է օլիգարխների վերահսկողության ներքո։ Այսպես՝  Հայաստանում ու Ուկրաինայում 1 շնչի հաշվով ՀՆԱ-ն նույնն է, սակայն Ուկրաինայում 1 շնչի հաշվով ավանդները 5 անգամ ավելի են։ Կամ՝ բանկային համակարգը մեր տնտեսության մեկ քառորդն է, իսկ Լիբիայում՝ 100 տոկոսը։ Մեկ այլ օրինակ՝ Ռուսաստանում բանկ բացելու համար բավական է 2 մլն եվրոն, Հայաստանում պահանջվում է 7 մլն եվրո։

Այս համեմատությունները, ըստ նախկին վարչապետի, խոսում են այն մասին, որ Հայաստանի բանկային հանակարգը կառավարվում են փոքրաթիվ անձինք, որոնք արգելափակում են այլ անձանց մուտքը դեպի բանկային համակարգ։