«Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի գործադիր տնօրեն Թամարա Պողոսյանը այլեւս ոչ նպատակահարմար է համարում իր նախագահությունը հիմնադրամում եւ այսօր` ապրիլի 27-ին պաշտոնապես հայտարարեց իր հրաժարականի մասին:

«Այսօր իմ հրաժարականի ամբողջ փաթեթը կներկայացվի վարչապետին»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Թամարա Պողոսյանը: Նրա խոսքով` հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի եւ նրա նախագահ՝ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ հետագա համագործակցությունը համարում է աննպատակահարմար. «Արեցի այն, ինչ կարող էի, պայքարեցի այնքան, ինչքան կարող էի»,-ասաց բանախոսը:

Հարցին, թե ի՞նչ է անելու իր հրաժարականից հետո, նա պատասխանեց. «Ես պետք է հանգստանամ: Երեք տարի չեմ հանգստացել: Ես կարող եմ լինել ե´ւ քաղաքականության մեջ, ե´ւ մշակույթում: Այս պահին պատրաստ չեմ պատասխանել հստակ, թե որտեղ կարող եմ լինել»:

Թամար Պողոսյանն նշեց, որ ինքը վստահ է իր գործունեության վրա եւ «Մեկ ազգ, մեկ մշակույթում» ինչ ստուգում ուզում են, կարող են իրականացնել: Նրա խոսքով`Հրանուշ Հակոբյանի հետ ունեցած կոնֆլիկտում ոչ մի անձնական դրդապատճառներ չեն եղել, պարզապես կար հետաքրքրություն հիմնադրամի նկատմամբ: «Հիմնադրամն, ըստ էության, լուծարված չէ, այն կարող է շարունակել իր գործունեությունը»,- ասաց Պողոսյանը, հավելելով, որ ինքը հայտնի վեճի մասին նամակներով դիմել է Հայաստանի նախագահին, վարչապետին, դատախազությանը:

Վարչապետի վերահսկողական ծառայությունը, նրա տեղեկացմամբ, երկու ուսումնասիրություն է իրականացրել հիմնադրամում՝ տալով «կողմնակալ եւ կողմնապահ եզրակացություն»:

Ըստ Թ. Պողոսյանի, «Մեկ ազգ, մեկ մշակույթի»  ողջ աշխատակազմը, բացի մի հոգուց, եւս հրաժարական է տվել, քանի որ աշխատակիցները չեն ստացել երեք ամսվա աշխատավարձը, չեն ստանա նաեւ չորորդ ամսվանը: «Մինչդեռ աշխատավարձի ֆոնդը պետության կողմից պաշտպանված ֆոնդ էր: Ոչ ոք իրավունք չուներ այդ ֆոնդը լուծարել առանց կառավարության կողմից հիմադրամի պաշտոնական լուծարման»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ վերջերս Թամար Պողոսյանը Հայաստանի սփյուռքի նախարար, «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հրանուշ Հակոբյանին մեղադրել էր փողերի լվացման եւ կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործողություններ իրականացնելու համար։ Թամարա Պողոսյանի հասցեին փոխադարձ մեղադրանքեր հնչեցին նաեւ Սփյուռքի նախարարությունից։ «Թամար Պողոսյանի՝ անմեղ գառնուկի կերպարանքով արված մեղադրանքները կեղծ եւ շինծու են, այդ մեղադրանքները փչած փուչիկներ են, որոնք դատարկ են ու մտացածին եւ դրանց նպատակը շանտաժն է ու զրպարտությունը»,- մասնավորապես հայտարարել էր սփյուռքի փոխնախարարը: