Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` ապրիլի 27-ին «Վալլեքս» խմբի ընկերությունների վարչական շենքում հրավիրել է խորհրդակցություն, որի նպատակն հանքարդյունաբերության ոլորտի ներկայի ու ապագայի քննարկումն էր եւ առկա խնդիրների լուծումը:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ խորհրդակցությանը մասնակցել են հանքարդյունաբերության ոլորտում գործող ընկերությունների տնօրեններն ու սեփականատերերը:

«Ընդամենը օրեր առաջ կառավարությունը հանդես եկավ նոր նախաձեռնությամբ, որի արդյունքում ընկերությունների համար ստեղծվել են բացառիկ հնարավորություններ՝ աշխատելով պետեկամուտների կոմիտեի հետ, մշակել նախորդ տարիներին չվճարված հարկերի մարման ժամանակացույց եւ ազատվել տույժերից ու տուգանքներից: Սա ձեռնտու է ինչպես տնտեսվարողներին, այնպես էլ՝ պետությանը: Կարծում եմ, որ ձեզնից շատերն արդեն սկսել են հարկային մարմինների հետ աշխատել էլեկտրոնային տարբերակով, եւ այս հնարավորությունն, իհարկե,  նոր էջ է բացում մեր հարաբերություններում: Նման նախաձեռնությունների պակաս չենք ունենալու»,- ասել է Սերժ Սարգսյանը, հավելելով, որ նախատեսվող փոփոխություների ընթացքում չպետք է թույլ տալ բյուջետային մուտքերի կրճատում. «Սա ես ուղղակի բացառում եմ, որովհետեւ մենք չենք կարող չվճարել սոցիալական, կրթության, առողջապահության, պաշտպանության ծախսերը: Չենք կարող թոշակներ եւ աշխատավարձներ չվճարել կամ վճարել ուշացումներով:

Այսօր միջազգային շուկայում գունավոր մետաղների գինը հնարավորություն է տալիս զարգացման նոր ծրագրեր կազմելու եւ ավելի վստահորեն նայելու ապագային: Նաեւ սա է պատճառը, որ բոլորիդ կոչ եմ անում ընդլայնվել, նոր ծրագրեր կազմել: Մի կողմից՝ սեփականատերերը կստանան շահույթ, մյուս կողմից՝ աշխատատեղեր կստեղծվեն, եւ, բնականաբար, պետությունը կստանա հավելյալ հարկային եկամուտներ»,-ասել է նա:  

Խորհրդակցության ժամանակ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը ներկայացրել է հանքարդյունաբերության ոլորտի ընդհանուր տնտեսական նկարագիրը, առկա խնդիրներն ու դրանց լուծմանն ու ոլորտի զարգացմանն ուղղված պետության մոտեցումները: