ԱՄՆ գյուղատնտեսության նախարարությունը մինչեւ 15.5 միլիարդ դոլար կծախսի պարենային ապրանքների մատակարարման շղթային աջակցության իր ծրագրի առաջին շրջանակներում` կորոնավիրուսի բռնկման հետեւանքների դեմ պայքարի համար, հայտնում է Reuters-ը` վկայակոչելով սեփական աղբյուրները:
Պլանը, որի մասին կարող է հայտարարվել այս շաբաթ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմի առաջին խոշոր քայլն է, որը երաշխիք կդառանա առ այն, որ համաճարակը չի հանգեցնի մթերքների պակասի, քանի որ որոշ արտադրություններ չեն գործում, իսկ ֆերմերները դժվարությամբ են աշխատողներ գտնում բերք հավաքելու եւ դաշտերը վերամշակելու համար:
Թրամփի վարչակազմի առաջնային ծրագրի շրջանակներում ուղիղ վճարումներ են նախատեսվում ֆերմերներին եւ ռանչոների սեփականատերերին, ինչպես նաեւ` 23.5 միլիարդ դոլարի ծրագրով նախատեսված այլ օժանդակ միջոցների կիրառում:
Նշված գումարի տրամադրումն արդեն հաստատվել էր Կոնգրեսի կողմից մարտին:
Այս շաբաթ կհայտարարվի ֆերմերներին օգնելու նախնական պլանի մասին: Ավելի ուշ սպասվում է աջակցության ծրագրի մնացած փուլերի մանրամասների հրապարակումը, որը, ըստ աղբյուրների, ենթադրաբար հասանելի կլինի հուլիսին:





























