NEWS.am-ը բերում է թուրքական Hurriyet Daily News and Economic Review թերթի Բարչին Յինանչայի հոդվածը, աննշան կրճատումներով:

Կովկասում հավասարակշռության փոփոխությունները Հայաստանի համար անցանկալի ազդակներ են, որն ավելացնում է այդ երկրի մեկուսացումը` առանցքային խաղացողներ Ռուսաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի քայլերի արդյունքում:

Վերջին ժամանակներս Ռուսաստանը ջանքեր է ներդրել Ադրբեջանի հետ հարաբերությունները բարելավելու ուղղությամբ, իսկ Թուրքիան ձգտում է շտկել իր հարաբերությունները Բաքվի ու Թեհրանի միջեւ:

Իրանը կարեւոր տնտեսական ելք է Հայաստանի համար, որը տուժում է Թուրքիայի եւ Ադրբեջանի շրջափակման հետեւանքով: Իրանը քաղաքական առումով աջակցում է իր քրիստոնյա հարեւաններին, քանի որ զգում է, որ իր երկրում ապրող ադրբեջանական մեծ համայնքն Իրանը դարձնում է խոցելի Բաքվի նկատմամբ: Էթնիկ ադրբեջանցիները խոշոր փոքրամասնություն են Իրանում, կազմելով այդ երկրի բնաչության մեկ քառորդը:

Թուրքիայի, Իրանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները երկու շաբաթ առաջ հանդիպել են Իրանի Ուրմիա քաղաքում, որպեսզի փորձեն բարելավել իրենց հարաբերությունները:

Հայաստանի հետ սերտ հարաբերություններ ունեցող Ռուսաստանի`Բաքվի հետ հարաբերությունները սերտացնելու ջանքերն աննկատ չեն մնացել Անկարայում, որտեղ թուրք դիվանագետները նշում են, որ 2008-ին պատերազմը Վրաստանում ազդել է Կովկասում մոսկվայի քաղաքականության վրա: Դիվանագետների ներկայացմամբ, Ռուսաստանը ցանկանում է բարելավել իր հարաբերություններն Ադրբեջանի հետ, նպատակ ունենալով շրջափակել Վրաստանը եւ եւս մեկ հնարավորություն ստեղծել Իրանի հետ շփումների համար:

Վերջերս Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Իրանի միջեւ ստորագրված համաձայնագիրը համարվում է որպես Մոսկվայի քաղաքականության եւս մեկ ցուցանիշ:

Թուրքական աղբյուրների համաձայն, Ռուսաստանը եւս ակտիվ է հայ-ադրբեջանական հակամարտության լուծում գտնելու հարցում: «Մեզ բոլոր մանրամասները չեն ասել, բայց մենք հասկանում ենք, որ ռուսական դիվանագիտությունը որոշակի կրեատիվ գաղափարներ է ասպարեզ բերել` գործընթացը փակուղուց դուրս բերելու համար»,- ասել է թերթի աղբյուրներից մեկը: