Այս տարի Covid-19 համավարակի հետ կապված համաշխարհային տնտեսությանը, հավանաբար, վատթարագույն ֆինանսական ճգնաժամ է սպասվում` Մեծ դեպրեսիայի տարիներից ի վեր: Այս մասին նշված է Արժույթի միջազգային հիմնադրամի World Economic Outlook զեկույցում: Նրա կանխատեսումներով՝ համաշխարհային տնտեսությունը 2020 թվականին կկրճատվի 3 տոկոսով, մինչդեռ հունվարին ԱՄՀ-ն կանխատեսում էր այս տարի համաշխարհային ՀՆԱ-ի 3.3 տոկոսով աճ:
«Միանգամայն հնարավոր է, որ այս տարի համաշխարհային տնտեսությունը վատթարագույն ռեցեսիան վերապրի` Մեծ Դեպրեսիայի տարիներից ի վեր, որը կգերազանցի 10 տարի առաջ գրանցված համաշխարհային ֆինանսական ճգնաժամը»,- ասել է ԱՄՀ գլխավոր տնտեսագետ Գիտա Գոպինաթհը:
ԱՄՀ գնահատականներով` եթե հունվարին համաշխարհային ՀՆԱ-ի աճը 2021 թվականին պետք է 3.4 տոկոս կազմեր, ապա այժմ այդ ցուցանիշը վերանայվել է մինչեւ 5.8 տոկոս: «2021 թվականին աճի տեմպերի մասնակի վերականգնում է կանխատեսվում, որը կգերազանցի միտումը, բայց ՀՆԱ մակարդակը կմնա նախավիրուսային միտումից ցածր մակարդակի վրա` վերականգնման տեմպի վերաբերյալ զգալի անորոշությամբ»,- նշել է Գոպինաթհը:
Առեւտրի համաշխարհային կազմակերպությունն անցյալ շաբաթ հայտարարել էր, որ այս տարի համաշխարհային առեւտուրը կկրճատվի 13–32 տոկոսով: Տնտեսական համակարգման եւ զարգացման կազմակերպությունը նույնպես զգուշացրել է, որ վիրուսի պատճառով տնտեսական հարվածը «դեռ երկար» կզգացվի:
Արժույթի միջազգային հիմնադրամը, ով ստեղծված ճգնաժամը անվանում է «Մեծ շրջափակում» է անվանել, նշել է. «Այս ճգնաժամը նման չէ ոչ մի այլ ճգնաժամի»: Կուրջ անորոշություն կա տնտեսական ցնցումների տեւողության եւ ինտենսիվության հետ կապված, եւ տնտեսական ակտիվության խթանումը ավելի բարդ խնդիր է` հաշվի առնելով սոցիալական հեռավորության պահպաման եւ մեկուսացման անհրաժեշտ քաղաքականությունը:
ԱՄՀ-ն հայտարարել է, որ «արտակարգ ֆինանսավորում ստանալու համար աննախադեպ թվով դիմումներ է ստացել»: 189 անդամներից 90-ից ավելին դիմել են ֆինանսական աջակցության համար: ԱՄՀ-ի վերջին կանխատեսումները ցույց են տալիս, որ այս տարի ԱՄՆ տնտեսությունը կնվազի 5.9 տոկոսով: Համեմատության համար, ակնկալվում է, որ եվրոգոտին կկրճատվի 7.5 տոկոսով, իսկ 2020-ին Չինաստանը կաճի 1.2 տոկոսով:
Տնտեսական իրավիճակը հատկապես ծանր կլինի Իտալիայում եւ Իսպանիայում, որտեղ ՀՆԱ-ն կնվազի համապատասխանաբար 9.1 եւ 8 տոկոսով: Այս երկու երկրներն ամենաշատն են տուժել Covid-19-ից: ԱՄՀ-ն երկրներին խորհուրդ է տալիս, առաջին հերթին, կենտրոնանալ առողջապահական ոլորտի ճգնաժամի, թեստավորման, բժշկական սարքավորումների եւ առողջապահության հետ կապված այլ ծախսերի վրա:
Նշվում է, որ կառավարությունները պետք է հարկերի հետաձգումներ, աշխատավարձի սուբսիդիաներ եւ փոխանցումներ իրականացնեն առավել տուժած քաղաքացիներին եւ ընկերություններին, ինչպես նաեւ նախապատրաստվել սահմանափակող միջոցառումների վերացմանը:





























