Տվերում հայերի եւ ադրբեջանցիների միջեւ ապրիլի 24-ին տեղի ունեցած արյունոտ միջադեպի արդյունքում տուժած ութ հայերից յոթը դուրս են գրվել հիվանդանոցից։ Հիվանդանոցում շարունակում է մնալ դանակի հարված ստացած մեկ հայ։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Լեւոն Մուկանյանը՝ ավելացնելով, որ փաստի առնչությամբ քննություն է ընթանում, սակայն քրեական գործ դեռեւս չի հարուցվել։

Ըստ Մուկանյանի, իրավապահ մարմիններում իրավիճակը բացատրում են նրանով, որ դեռեւս չի ավարտվել անհրաժեշտ բոլոր փաստերի հավաքման գործընթացը։ Նա նաեւ տեղեկացրեց, որ փոխհրաձգության ընթացքում իրավապահների կողմից ձերբակալված 15 հայերը եւ 30 ադրբեջանցիները բնակության վայրից չհեռանալու ստորագրությամբ բաց են թողնվել։

Նա մեկ անգամ եւս ընդգծեց, որ Տվերում հայերի եւ ադրբեջանցիների միջեւ ապրիլի 24-ին տեղի ունեցած միջադեպը նախօրոք մտածված ակցիա է եղել։ Վիճաբանությունն սկսվել է այն ժամանակ, երբ ադրբեջանցիները մոտեցել են հայկական եկեղեցուն եւ սկսել են կրակել:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ապրիլի 24-ին տեղի ժամանակով 16:00-17:00-ի սահմաններում մի խումբ ադրբեջանցիներ մոտեցել են կառուցվող հայկական վանքին, որտեղ գտնվել են հայ համայնքի ներկայացուցիչները: Ներկաները հարգում էին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Մոտեցող ադրբեջանցիները սկսել են գազային ատրճանակներից կրակել ներկաների ուղղությամբ, ինչի մասին են վկայում ոչ միայն հայերը, այլ նաեւ ռուսները: Հայ եւ ադրբեջանցի երիտասարդների միջեւ վիճաբանություն է սկսվել, որից հետո կոնֆլիկտի կողմերն ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ պայմանավորվել են հանդիպել Սիլիկատի գործարանի մոտ:

Երբ հայ 30 հայ երիտասարդներ գնացել են հանդիպման վայր, որտեղ 50 մեքենայով ժամանել են շուրջ 100 ադրբեջանցիներ, զինված մահակներով, նրանք հարձակվել էին հայերի վրա եւ սկսել ծեծել նրանց, նաեւ կոտրել էին հայերի մեքենաները: