Սյունիքի մարզի Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատում ապրիլի 26-ին տեղի ունեցած միջադեպը, որի ժամանակ զոհվել է մեկ մարդ, կապ չուներ Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կոմբինատի տեխնիկական տնօրեն Աշոտ Մարգարյանը: Նրա խոսքով` զոհվածը եւ վիրավորներն իրենց աշխատակիցները չեն: Նրանք կապալառու ընկերության աշխատակիցներն են, որոնք պայմանագրային կարգով աշխատում են Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատում:
«Գազի անցկացման աշխատանքներ էին կատարում: Դեռ գազ չկար, նոր-նոր զոդում էին խողովակները եւ 14:30-ի սահմաններում թթվածնի բալոնը հանկարծակի պայթել է, որի հետեւանքով մեկ հոգի մահացել է, երկուսը` վիրավորվել: Վիրավորների վիճակը բավարար է»,- ասաց Աշոտ Մարգարյանը, հավելելով, որ երրորդ վիրավորի մասին տեղեկությունը ճիշտ չէ, քանի որ նա ընդամենը փոքր-ինչ վախեցել էր:
Հարցին, թե հիմա ո՞վ է պատասխանատվություն կրելու 27-ամյա երիտասարդի մահվան համար, Մարգարյանը պատասխանեց, որ ըստ օրենքի` պատասխանատվությունը կրելու է կապալառու ընկերությունը, բայց դա կախված է նաեւ նրանից, թե ինչ պայմանագրեր է կնքել նա իր աշխատակիցների հետ:
Ինչ վերաբերում է Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատում տեղի ունեցող դեպքերին, տեխնիկական տնօրենը նշեց, որ 2011թ առաջին եռամսյակում Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատում մահվան դեպքեր չեն գրանցվել, իսկ 2010թ ընդամենը մեկ դեպք էր գրանցվել: «Քաջարանի կոմբինատը 100 տոկոս պատասխանատվություն է կրում եւ տուժածների, եւ նրանց երեխաների համար, եթե անչափահասներ են, վճարում է հատուկ թոշակներ, օգնում ընտանիքին, անվճար բժշկական օգնություն հատկացնում»,- ասել է նա:
Նշենք, որ ինչպես գրել էր NEWS.am-ը, Սյունիքի մարզի Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի մեխանիկական արտադրամասի հարեւանությամբ երեկ ապրիլի 26-ին ժամը 14:40-ի սահմաններում, թթվածնային բալոնի պայթյուն է տեղի ունեցել: Պայթյունի հետեւանքով զոհվել է մեկ, վիրավորվել 3 մարդ: Մահացածը 27-ամյա Իսահակ Մայիլյանն է, իսկ Զորի Բաբայանը, Յուրի Գասպարյանը եւ Տիգրան Շահբազյանը վնասվածքներ են ստացել: Նշված վայրում աշխատում էին ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության Սյունիքի մարզի փրկարար ջոկատի աշխատակիցները: Գործարան էին հրավիրվել դատական բժիշկը, դատախազության, ոստիկանության Սյունիքի մարզի վարչության աշխատակիցները եւ քննչական բաժնի քննիչները։




























