Ապրիլի 26-ին ինքնասպան եղած Տիգրան Խաչատրյանը ֆակուլտետի լավագույն ուսանողներից էր, վերին աստիճանի հավասարակշիռ, բարեկիրթ եւ բոլորի կողմից հարգված, թեեւ քիչ չշփվող էր: Դասախոսները, ընկերները եւ ծանոթները 27-ամյա Տիգրան Խաչատրյանին հիշում ամեաջերմ խոսքերով: Սակայն, Երեւանի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետի խոսոշտումնալից ասպիրանտը ապրիլի 26-ի առավոտյան որոշեց ավարտել իր երկրային կյանքը` նետվելով Կիեւյան կամրջից: Ի՞նչը դրդեց նրան այդ քայլին: Հարց, որը հաճախ են տալիս նրա մտերիմները: Այդ քայլին դիմելու պատճառներից քիչ թե շատ գլուխ հանելու նպատակով` զրուցեցինք նրա գիտական ղեկավար, ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դասախոս, արաբագետ, պատմական գիտությունների դոկտոր Սամվել Կարաբեկյանի հետ:
«Նա մի քիչ ինքնափոփ մարդ էր, որոշ չափով շփվող էր, բայց դա ավելի շատ նրա բնավորության գիծն էր, իսկ մարդիկ, ինչպես հայտնի է, տարբեր բնավորության տեր են: Նա պարզապես, իր էությամբ, հանգիստ մարդ էր: Պետք է նշեմ, որ լավ ուսանող ասելով, ես ի նկատի չունեմ համընդհանուր կնիքը, որը կիրառվում է գերազանց սովորող բոլոր ուսանողների համար: Նա իսկապես լավ մարդ էր, եւ հենց դրանով էր արժանացել շրջապատի հարգանքին եւ բարյացկամությանը: Եթե նա շարունակեր ուսումը, ապա կհասներ էական հաջողությունների»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Կարաբեկյանը, հավելելով, որ այդպիսի ողբերգական մահը ցնցել է ոչ միայն իրեն, այլեւ` բոլոր նրանց, ովքեր ճանաչել են Տիրգրանին:
Տիգրանի գիտական ղեկավարի խոսքով` նրանք չեն շփվել վերջին հինգ ամսում. «Ես գործուղման էի եւ նրա հետ շփվելու հնարավորություն չունեի: Նրա ընկերներն ինձ պատմեցին, որ այդ ընթացքում նա ընդհատել է ուսումը ասպիրանտուրայում եւ սեփական կամքով գնացել ծառայության: Սակայն առողջական խնդիրների պատճառով վաղաժամկետ ազատվել է բանակում ծառայելուց: Պետք է ճշտել` ի՞նչն է հանգեցրել նրան այդպիսի ողբերգական որոշման»:
Կարաբեկյանը նաեւ նշեց, որ ընկերների պատմելով, Տիգրանն առավել ինքնամփոփ դարձավ բանակից վաղաժամկետ ազատվելուց հետո, եւ հենց այդ ժամանակ նրա մոտ ի հայտ եկան տարօրինակություններ: « Ընկերների տպավորությամբ` բանակից հետո նա փոքր ինչ ընկճված էր: Ես անհրաժեշտ եմ համարում, որ պետք է ուսումնասիրել նրան ինքնասպանության դրդած պատճառները: Նա առողջական որոշակի խնդիրներ ուներ` ոտքը մի քիչ կաղում էր, եւ ես մի փոքր զարմացած եմ` ինչպես են նրան զորակոչել, իսկ զորակոչից որոշ ժամանակ հետո ազատել բանակից: Ինչ է տեղի ունեցել բանակում, ես չգիտեմ, բայց միանշանակ է, որ այնտեղ ինչ-որ բան տեղի է ունեցել»:
Հարցին, թե որքանո՞վ է հավանական, որ տեղի ունեցածը պայմանավորված լինի հենց առողջական խնդրով, Կարաբեկյանը նշեց. «Չեմ կարծում: Եթե որեւէ բան տեղի է ունեցել` դա եղել է բանակում»:
Տիգրանը որոշ ժամանակ աշխատել է «Կապիտալ» թերթում: «Կապիտալ» թերթի եւ «Մեդիա սթայլ» հրատարակչության գլխավոր խմբագիր Կարեն Հարությունյանը նշեց, որ Տիգրանը շատ համեստ եւ պատասխանատու աշխատակից էր: «Եթե անկեղծ, ես շոկի մեջ էի, երբ իմացա, որ նա ինքնասպան է եղել: Մեկ եւ կես տարի առաջ, երկու ամիս նա թերթում աշխատել է որպես թարգմանիչ, ինքն էր ընտրում հոդվածը եւ թարգմանում: Հետո նա որոշեց դուրս գալ աշխատանքից, քանի որ ուզում էր զբաղվել գիտությամբ, ինչը դժվար էր համատեղել աշխատանքի հետ: Այո, նա փոքր ինչ ինքնամփոփ էր, սակայն մելանխոլիկ չէր: Նա սովորական տղա էր, եւ որեւէ տարօրինակություններ չեմ նկատել նրա մոտ, որոնք որ հիմք կտային մտածելու, որ նա կարող է ինքնասպանության դիմել»- ասաց Հարությունանը, հավելելով, որ Տիգրանը չշփվող մարդ էր, սակայն նրա բնավորության այդ գիծը չի խանգարել նրան շփվել գործընկերների հետ եւ դառնալ կոլեկտիվի իրավահավասար անդամ:
Պատրաստեց Մարիա Ասատրյանը




























