ԵՄ խորհուրդը դեսպանների մակարդակով ապրիլի 28-ին կքննարկի Սիրիայի հանդեպ պատժամիջոցներ կիրառելու հարցը: Դեսպանները քննարկելու են Սիրիայի ղեկավարության ներկայացուցիչներին Եվրոպա այցելելու համար վիզաներ չտրամադրելու հարցը, ովքեր պատասխանատու են համարվում հակակառավարական ցույցերի մասնակիցների նկատմամբ դաժան ճնշումներ գործադրելու համար, հաղորդել է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Եվրամիությունը մտադիր է նաեւ սառեցնել Սիրիայի այն պաշտոնյաների բանկային ակտիվները, ովքեր կներառվել եվրոպական «սեւ ցուցակ»: Ի թիվս այլ պատժամիջոցների` քննարկվելու է նաեւ Սիրիային ամենամյա օգնության սառեցումը, որը ԵՄ-ն կանոնավոր կերպով տրամադրում է Սիրիային: Պատժամիջոցների ուժի մեջ մտնելու համար դրանք պետք է հավանություն ստանան ԵՄ-ում` նախարարական մակարդակով:

Ի պաշտպանություն Սիրիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու, արդեն հանդես են  եկել Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Բելգիան եւ Մեծ Բրիտանիան: