«ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանի կալանավորումից հետո նրա շուրջ ծագած աղմուկը, կարծես թե, հանդարտվել է: Միայն գիտենք, որ Թամամյանը հրաժարվել է փաստաբանից եւ ասել է, որ ինքը կխոսի դատարանում: Այլ կերպ ասած` Թամամյանն այսօր արդեն զգուշացրել է, որ ինչ-որ մարդիկ հույս չունենան, թե ինքը դառնալու է քավության նոխազ, խոսելու է, եւ խոսելու է շատ հետաքրքիր թեմաների շուրջ: Այս կարճ ժամանակահատվածում շատ գրվեց Թամամյանի դեմ հարուցված քրեական գործի հանգամանքների մասին, սակայն անդրադարձ, թե ինչպես բացահայտվեց այդ գործը, եւ ինչու դեպքերն այդքան արագ եւ այդքան անկանխատեսելի զարգացան, կարծես թե դուրս մնաց մամուլի ուշադրության առանացքից»,-գրում է «ՉԻ»-ն:

Հրապարակման հետագա տողերում կարդում ենք. «Առհասարակ Հայաստանում ուշագրավ եւ աղմկահարույց գործընթացների համար կարեւորվում է երկու` արտաքին եւ ներքին գործոնների միաժամանակյա համընկնումը: Եւ ուրեմն`Թամամյանին «վերցնելու» արտաքին ազդակից բացի, պետք էր նաեւ ներքին ազդակի ապահովում: Այս առումով է,  որ խաղի մեջ է մտել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, որը շատ արագ «մեխանիզմ» է գտել պայթեցնելու կոծկված քրեական գործի բնականոն ընթացքը: Ի սկզբանե գլխավոր դատախազն իմացել է, թե ինչպես է Հովհաննես Թամամյանի ցուցումով կոծկվել գործը, քաջատեղյակ է եղել, որ կողմերը` Հովհաննես Շահինյանն ու Լեւոն Սարգսյանը` Ալրաղացի Լյովը, համաձայնության են եկել:

Ալրաղացի Լյովի` սպանություն գործած թիկանապահին գործից «դորս են արել» գործարքի դիմաց. Շահինյանի ազգականն իր վրա է վերցրել հանցագործությունը, իսկ Լեւոն Սարգսյանը այդ «անձնազոհության» դիմաց հանձն է առել դատարանում լուծել Շահինյանի ազգականի հարցերը:

Ամեն ինչ հօդս է ցնդել, երբ Աղվան Հովսեփյանը հրահանգել է Շահինյանի ազգականի վրա այնպիսի հոդված դնել, որը նախատեսում է 15 տարվա ազատականումից մինչեւ ցմահ բանտարկություն (ի դեպ` Լեւոն Սարգսյանի  թիկնապահն ավելի ուշ կալանավորվել է այն նույն մեղադրանքով, որի համար պատժաչափ է սահմանված 15 տարվա ազատազրկումից մինչեւ ցմահ բանտարկությունը)»:  Գործերի այս ընթացքը ստիպել է Շահինյան եղբայրներին բողոքել վերեւներում` ապացուցելով, որ «իրենց տղան» իրականում սպանություն չի գործել»: