Արմավիրի մարզում այսօր` ապրիլի 28-ի առավոտյան ժամը 06:00-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Մերձավան գյուղում գտնվող «Պոլիմեր Տրուբ» գործարանում:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ամբողջությամբ այրվել է գործարանի մի մեծ հատված:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության փրկարար հատուկ ջոկատի հրշեջ մի քանի խմբեր: Այստեղ է մեկնել 5-6 մարտական հաշվարկ: Ժամը 07:30-ի սահմաններում  հրդեհը հնարավոր է եղել մարել:

Գործարանի պոլիէթիլենային արտադրամասի տարածքում այրվել է հոսքագիծ` 500 քմ. մակերեսով:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ երեկ` ապրիլի 27-ին այդ գործարան էր այցելել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Գործարանի բացման հանդիսավոր արարողությունից հետո նա շրջել էր ձեռնարկության արտադրամասերում, ծանոթացել ընկերության հեռանկարային զարգացման ծրագրերին, ըստ որոնց նախատեսվում է գործարանի ընդլայնում եւ նոր ապրանքատեսակների արտադրություն:

«Պոլիմեր Տրուբ»-ը Անդրկովկասում եզակի՝ խոշոր տրամաչափի խողովակներ է արտադրում, նկատի առնելով հանրապետությունում սպառման ծավալներն ու տնտեսության որոշակի ճյուղերում` հիդրոէներգետիկա, ոռոգման համակարգ, ճանապարհային շինարարություն եւ այլն,  դրանց մեծ պահանջարկը:

Լուսանկարները եւ տեսանյութը` Գագիկ Շամշյանի