Կադաստրն, ըստ քաղաքացիների շրջանում անցկացված հարցումների` ամենակոռումպացված մարմիններից մեկն է: Կառավարությունը վերջին ամիսներին ակտիվ աշխատանքներ է տանում այսպես կոչված «ածանցյալ կոռուպցիայի» դեմ պայքարի ուղղությամբ: Սա ընդգրկում է այն պետական մարմինները, որոնք ծառայություններ են մատուցում բնակչությանը: Կադաստրի ծառայություններից, ըստ վարչապետ Տիգրան Սարգսյանի, տարեկան օգտվում է մոտ 300 հազ. մարդ: Ուստի պատահական չէր, որ այսօրվա` ապրիլի 28-ի նիստում կառավարությունն անդրադարձավ այդ ոլորտի խնդիրներին:

Ըստ վարչապետի` կադաստրի ոչ բոլոր տարածքային մարմիններում է, որ բարձիթողի վիճակ է, սակայն շատերում բնակչության համար ստեղծվում են հավելյալ կոռուպցիոն ռիսկեր, բյուրորատական քաշքշուկներ:

Վարչապետը սակայն «պաշտպանվելու» հնարավորություն տվեց ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանին:

Վերջինս խոստովանեց, որ կադաստրի մարմիններում իրոք խնդիրներ կան, ու մարդիկ արդարացի դժգոհում են: Նա հիշեցրեց, որ 2010 թ. ընդունվել է կառավարության որոշում` կադաստրի գործունեության վերաբերյալ, որը ենթադրում է նույնիսկ կադաստրի ղեկավար մարմինների փոփոխություն: Նախապատրաստվում է նաեւ օրենսդրական փոփոխություն, որով 2012 թ. հունվարի 1-ից էապես կբարելավվի կադաստրի կողմից մատուցվող ծառայությունների որակը: Մասնավորապես` քաղաքացիները ստիպված չեն լինի նույն անշարժ գույքը մի քանի անգամ չափագրել, ու դրա համար ամեն անգամ գումարներ վճարել: Նոր կարգի համաձայն` կադաստրը չափագրում կիրականացնի միայն անշարժ գույքի նախնական գրանցման ընթացքում: