ՀՅԴ-«Ժառանգություն»-ՀԱԿ դաշինքի ձեւավորումն առաջիկա խորհրդարանական ընտրություններից առաջ անհնար է: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ապրիլի 28-ին հայտարարեց «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը: Նա պարզաբանեց, որ նման դաշինքն անհնար է, քանի որ ՀԱԿ-ի առաջնորդը ժամանակին անարդար է գտնվել երկու կողմերի հանդեպ`դատաստան է տեսել ՀՅԴ-ի հանդեպ, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանին հեռացրել է ԱԳ նախարարի պաշտոնից:

«Այսօր ՀԱԿ-ը «դրեֆ» ա անում ու փորձում ա  իրենով փակել ընդդիմադիր դաշտը եւ գալով կենտրոն հնարավորություն է ստանում երկխոսության գալ իշխանամետ ուժերի հետ»,-հայտարարեց Ադիբեկյանը: Նրա խոսքով`ՀԱԿ-ն այսօր համագործակցում է ոչ թե հանուն համագործակցության կամ ազգի շահերի, այլ հանուն իշխանության գալու։ «Մենք ունենք նախագահի, վարչապետի եւ ԱԺ նախագահի մեկական աթոռ։ ՀԱԿ-ը չի ուզում երկրորդը լինել, իսկ առաջինը լինել նրան պարզապես թույլ չեն տա։ Կա նաեւ ԲՀԿ, որ հավակնում էր լինել առաջինը, դեմ չի մնալ երկրորդը: Սակայն ինտրիգային է, թե ո՞րը կլինի երկրորդը` ՀԱ՞Կ-ը, թե՞ «Բարգավաճը»,-նկատեց բանախոսը։

Ըստ սոցիոլոգի` այսօրվա դրությամբ  «դաշտում տիրապետող դիրք ունի ՀՀԿ-ն, Րաֆֆի Հովհաննիսյանի վարկանիշը 8 տոկոսից չի իջել, ԲՀԿ-ի կառույցները առաջին եռյակում լինելու հավակնություն ունեն, ՀՅԴ-ն ունի 5-7 տոկոս ընտրազանգված, իսկ ՀԱԿ-ի վարկանիշը տտանվում է  20 տոկոսի սահմաններում»: Ադիբեկյանը կարծիք հայտնեց, թե  ընդդիմադիր մի զանգված կա, որն այս պահին իր ձայնը չի տա իշխանությանը, բայց նաեւ չի տա ՀԱԿ-ին: «Մեկը կարող ա իջնի դաշտ ու իրան ձայն տան, մտնի իշխանություն»,- նշեց սոցիոլոգը։

Ըստ Ադիբեկյանի՝ ցավագին է քաղաքական ուժերի միավորման խնդիրը, քանի որ բոլորը ամբիցիոզ են: «Եվ եթե մեկին մի տեղ բան են ասում, աբիժնիկ ա դառնում»,-նկատեց Ադիբեկյանը։ Նրա խոսքով՝ քաղաքական դաշտում ավելի շատ կա մասնատվելու, քան միավորվելու միտում:

«Ակնկալել, որ կլինի նախընտրական դաշինք, դա անհեթեթ է եւ մարդկային առումով, եւ տրամաբանական»,- ասաց Ադիբեկյանը` հավելելով, որ արտահերթ ընտրություններն անհնար են: «Եթե ընդդիմադիրը գնում է դեպի կենտրոն` բանակցելու, ուրեմն լիբիա-արաբական սցենարը բացառվում է»,-նկատեց նա: