Հայ ազգային կոնգրեսի հայտարարությունը, թե այսօր կայանալիք հանրահավաքը  ջրբաժան է լինելու, նորություն չէ. ջրբաժանների մասին ՀԱԿ-ը սրանից առաջ էլ է խոսել: Այսօր` ապրիլի 28-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց Ազգային ժողովի Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանը, հավելելով, որ նման հայտարարությունների նպատակը մեկն է՝ հասարակության մեջ բարձր պահել սեփական վարկանիշը:

«Սեփական վարկանիշը բարձր պահելու ՀԱԿ-ի գործիքներն ակնհայտ են։ Սակայն եթե անդրադառնալու լինենք ՀԱԿ նախորդ հանրահավաքներին, կտեսնենք, որ նման բնորոշումներ տրվել են նաեւ դրանց ժամանակ, որոնք, սակայն, չեն արդարացվել։ Կարծում եմ՝ առավել կարեւոր է, որ հանրապետության ղեկավարի հետեւողական կոչերը՝ քանդել ներքաղաքական կյանքում առկա անհանդուրժողականության պատերը, հասնում են իրենց նպատակին։ Սա չափազանց կարեւոր է, որովհետեւ պետք չէ, որ մեր հասարակության մեջ երկփեղկվածություն լինի, թշնամանք սերմանվի։ Պետք է գտնել ընդհանուր եզրեր եւ այդ եզրերի օգնությամբ լուծել քաղաքականության եւ տնտեսության ոլորտներում առկա բազմաթիվ խնդիրները։ Մեր գաղափարները, լինելով տրամագծորեն հակառակ բեւեռներոմ, պետք է հնարավոր լինի համադրել։ Այդ ճանապարհը մենք հնարավորինս արագ պիտի անցնենք, հակառակ պարագայում դանդաղ ընթացքը կարող է վնասել մեր երկրի շահերը։ Այդ ջանքերը կարծես թե գտել են իրենց ունկնդիրներին՝ ՀԱԿ-ի շրջանակներում։ Սա ողջունելի իրավիճակ է, եւ լավ կլինի, որ մեկս մյուսին շնորհավորենք այս կապակցությամբ»,- ամփոփեց պատգամավորը։

Նշենք, որ վերջին հանրահավաքում ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր,  որ ապրիլի 28-ը լինելու է ջրբաժան` ժողովրդի եւ իշխանության միջեւ, եթե իշխանությունն ընդառաջ չգնա եւ չկատարի երեք հայտնի պահանջները՝ քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակում, Ազատության հրապարակում հանրահավաքներ անցկացնելու հնարավորության ընձեռում եւ մարտի 1-ի սպանությունները բացահայտելու վերաբերյալ պաշտոնական հավաստիացում: ՀԱԿ-ում համարում են, որ այդ պահանջներից երկուսը կատարվել է, մնացել է քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջը: