168.am–ը գրում է. «Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի ֆեյսբուքյան էջում օրերս ներկայացված էր նրա խոսքերից մեկը: Գրառումը վերնագրված էր՝ «Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՀՈՐԴՈՐՆ ՈՒ ԳՆԱՀԱՏԱՆՔԸ ՄԵՐ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆՆԵՐԻՆ», որում ասվում էր.
«Այսօր, ավելի քան երբեւէ Հայ Եկեղեցին ժողովրդի հետ պետք է լինի՝ հոգեւոր սնունդ հայթայթելով, կարիքավորներին օգնելով եւ ժողովրդին ծառայելով։ Սա՛ է հայ հոգեւորականի կոչումը։ Դուք, սիրելի հոգեւոր հայրեր, այս ոգով եք թրծվել Անթիլիասում եւ ձեր կոչման խոր գիտակցումով եք ծառայում։ Մոտիկից հետեւում ենք ձեր հովվական աշխատանքին։ Բարձր ենք գնահատում ձեր ծառայական նվիրումը։ Թող մեր Տեր Քրիստոս վարձահատույց լինի ձեզ։ Աղոթե՛ք մեր ժողովրդի զավակների համար»։
Արամ Ա կաթողիկոսի այս գրառումը սոցիալական ցանցերում, մասնավորապես ֆեյսբուքում, շատերը մեկնաբանեցին որպես աջակցություն ՀՀ իշխանություններին, մասնավորապես՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, և թիկունքից հարված Ն․Օ․Ս․Տ․Տ․ Գարեգին Բ կաթողիկոսին, որի դեմ ՀՀ իշխանությունների և մերձիշխանական մի շարք ուժերի կողմից կրկին կոշտ արշավ է սկսվել:
Եկեղեցու և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ հեղափոխությունից հետո սա երկրորդ արշավն է, որի առիթը հանդիսացավ այն, որ NEWS.am-ի հետ զրույցում նա մտահոգություն էր հայտնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առողջության վերաբերյալ և նշել.
«Հաղորդ լինելով նախագահի առողջության առնչությամբ բժիշկների մասնագիտական կարծիքներին՝ կարևոր ենք համարում, որ արդարադատության իրագործման հետ մեկտեղ ձեռնարկվեն բոլոր կանխարգելիչ միջոցներն ու միջոցառումները, այդ թվում՝ խափանման միջոցի փոփոխություն՝ համավարակի այս շրջանում ապահովագրելու նրան առողջական վիճակի հետագա բարդացումներից»:
168.am-ը Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսից գրավոր պարզաբանում էր խնդրել՝ ո՞ւմ էր ուղղված նրա գրառումը, ինչո՞ւ որոշեց նման գրառում կատարել, արդյո՞ք կապ կա վերջին դեպքերի, մասնավորապես՝ Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի՝ News.am-ին տված հարցազրույցի և Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արք․ Կճոյանին մեղադրանք առաջադրելու միջեւ։
Այսօր Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության տեղեկատվական գրասենյակի վարիչ Հովակիմ վրդ. Բանջարճյանից ստացվել է պատասխան-նամակը, որը ներկայացնում ենք ամբողջությամբ:
«Շնորհակալությամբ ստացա Ձեր e-mail-ը: Ցանկանում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել հետեւյալ երկու կետի վրա.
1) Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը, համաշխարհային այս ճգնաժամի օերին նման գրառումներ է կատարում Facebook-ում: Նա հաճախ է իր հորդորներն ու հանձնարարականները փոխանցում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության թեմերին, առաջնորդներին, ազգային իշխանություններին եւ հոգեւորականներին՝ շեշտելով աղոթքի ու մարդասիրական ծառայության ճանապարհով մեր ժողովրդի կողքին լինելու հրամայականը: Նորին Սրբության հորդորներից եւ հիշեցումներից մեկն էլ Ձեր մեջբերած գրությունն էր: Հետեւաբար, այն ոչ մի առնչություն չունի Հայաստանում ստեղծված այժմյան կացության հետ: Վեհափառ Հայրապետի խոսքը եւ գործը արեւի լույսի նման միշտ հստակ են եւ մեկնաբանության ու լուսաբանման կարիք չունեն: Հետեւաբար, ՎԵՀԱՓԱՌ ՀՈՐ ՄՏՈՐՈՒՄՆԵՐԸ ՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՆԵԼԸ ՃԻՇՏ ՉԷ՛:
2) Վեհափառ Հայրապետն իր խոր մտահոգությունն է հայտնում Հայաստանում ստեղծված դրության կապակցությամբ: Ինչպես հաճախ շեշտում է Նորին Սրբությունը ՝ մեզ համար եկեղեցին եւ ժողովուրդն իրարից անջատ իրականություններ չեն, այլ մե՛կ ամբողջություն՝ ներքին անքակտելի կապերով միմյանց հետ սերտորեն միահյուսված: Արդ, որոշ շրջանակների կողմից պահն ու հանգամանքներն օգտագործելով եւ ծրագրված կերպով Հայ Եկեղեցու դեմ պայքար մղելու փորձը մեզ համար, վստահ ենք նաեւ մեր ժողովրդի համար, երբե՛ք ընդունելի չի կարող լինել։ Ձայնակցելով Հայաստանի Հանրապետության նախագահին, Վեհափառ Հայրապետը կոչ է անում փոխադարձ հարգանքով ու հանդուրժողականության ոգով, ինչպես նաեւ իրողություններն ու հանգամանքները հաշվի առնելով եւ երկխոսության ճանապարհով քննարկել մեր ազգի, եկեղեցու եւ հայրենիքի խնդիրներն ու մարտահրավերները: Անհրաժեշտ է, հատկապես այսօրվա ճգնաժամային պայմաններում, համախմբվել մեր ընդհանուր ու բարձրագույն արժեքների ու նպատակների շուրջ: Մեր հայրենիքի եւ Սփյուռքի համայնքների անվտանգությունն առաջնահերթ մտահոգություն է մեզ համար: Առաջիկա շաբաթվա ընթացքում հրամայականը Ապրիլի 24-ի առիթով մեր ազգային պահանջատիրության նկատմամբ մեր հավաքական հանձնառության վերահաստատումն է, շեշտել է Արամ Ա Վեհափառ Հայրապետը:
Թող Աստված անվտանգ ու ամուր պահի մեր ազգը, եկեղեցին ու հայրենիքը։
Լավագույն մաղթանքներով՝ Հովակիմ վրդ. Բանջարճյան
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության տեղեկատվական գրասենյակի վարիչ
Անթիլիաս
18-ը ապրիլի, 2020»:





























