2011 թվականի առաջին եռամսյակի վերաբերյալ վիճպետվարչության հրապարակած տվյալներով, Հայաստանի տնտեսության մեջ արդյունաբերության մասնաբաժինը ավելացել է, այն դեպքում, երբ շինարարության մասնաբաժինը նվազել է։ Ապրիլի 28-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց Ազգային ժողովի Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանը։
«Ինչպես նախորդ երկու ամիսներին, ամենամեծ աճն արձանագրվել է արդյունաբերության ոլորտում։ Սա հատուկ ուշադրության արժանի հանգամանք է. տնտեսության մեջ բավական հետաքրքիր տեղաշարժեր են գրանցվում՝ ի նպաստ արդյունաբերության։ Այստեղ պետք է կարեւորել տնտեսվարող նոր սուբյեկտներին հարկային արտոնություններ տրամադրելու վերաբերյալ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականը։ Նման երեք ձեռնարկություններ արդեն իսկ կան, առաջիկայում լինելու են հարկային արտոնություններով աշխատող եւս մի քանի գործարաններ»,- հավաստիացրեց Մինասյանը։
Նա նաեւ տեղեկացրեց, որ 2010-ի մարտի համամտությամբ 2011-ի մարտին արդյունաբերության ոլորտում գրանցվել է 5.9 տոկոսի աճ։ «Բավական լավ ցուցանիշ ունենք նաեւ առեւտրի, արտահանման եւ ներմուծման բնագավառներում։ Եթե արտահանման առումով մարտը մարտի նկատմամբ ունեցել ենք 22 տոկոսի աճ, ապա ներմուծման բնագավառում՝ ընդամենը 12 տոկոսի աճ։ Ինչ վերաբերում է գնաճի ցուցանիշներին, ապա 2010-ի մարտի համամատությամբ այս տարվա մարտին այն կազմել է 11,5 տոկոս, իսկ տարվա սկզբից՝ 5,2 տոկոս»,-ամփոփեց պատգամավորը։





























