2011 թվականի առաջին եռամսյակի տվյալներով, պետբյուջեի հարկային եկամուտները կատարվել են 100 տոկոսով, պետբյուջեի եկամուտները՝ 97,5 տոկոսով։ Ապրիլի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց Ազգային ժողովի Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանը։

«Նախորդ տարվա նկատմամբ մեր եկամուտներն աճել են 10 տոկոսով։ Մեր տնտեսությունը դառնում է ավելի դիվերսիֆիկացված եւ անխոցելի, արդյունաբերությունը տնտեսության մեջ ավելի մեծ դերակատարություն է ստանձնում։ Մեր արտաքին շրջանառությունը դառնում է ավելի հավասարակշռված»,- ասաց նա։

Անդրադառնալով Կենտրոնական բանկի կողմից գնաճի զսպմանն ուղղված գործողություններին՝ Մինասյանը նկատեց, որ դրանք բավական զգալի են։