Թուրքիայի եւ ԱՄՆ նախագահներ Թայիփ Էրդողանն ու Դոնալդ Թրամփը հեռախոսով քննարկել են կորոնավիրուսի դեմ պայքարում համագործակցության հարցերը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Թուրքիայի առաջնորդի վարչակազմին։

«Այսօր երեկոյան մեր նախագահն անցկացրել է հեռախոսային բանակցություններ ԱՄՆ նախագահի հետ։ Երկու առաջնորդները պայմանավորվել են շարունակել սերտ համագործակցությունը կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով մեր երկրների տնտեսության եւ հանրության առողջության սպառնալիքի դեմ պայքարում»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Էրդողանն ու Թրամփը նաեւ քննարկել են երկկողմանի հարաբերություններին եւ տարածաշրջանում իրավիճակին վերաբերող հարցեր։

Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել էր COVID-19 նոր կորոնավիրուսային վարակի բռնկումը որպես պանդեմիա։ ԱՀԿ-ի վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցված է վարակման ավելի քան 2.1 միլիոն դեպք, մահացել է ավելի քան 146 հազար մարդ։