Բանկերին հանձնարարականներ տալ չարժե, մենք ղեկավարվում ենք շուկայական մոտեցումներով։ Այսօր՝ ապրիլի 28-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո հայտարարեց «Անելիք» բանկի վարչության նախագահ Սամվել Ճզմաչյանը։

Նշենք, որ Ս. Սարգսյանը ՀՀ կենտրոնական բանկում այսօր անցկացրեց աշխատանքային հանդիպում առեւտրային բանկերի եւ ԿԲ ղեկավարության հետ։

Ըստ Ճզմաչյանի՝ նախագահը եկել էր խորհրդակցելու, այլ ոչ թե ցուցումներ տալու։

Բանկի ղեկավարը նշեց, որ Հայաստանում ֆինանսատնտեսական ճգնաժամը դեռ չի ավարտված, ինչպես եւ չի ավարտված ողջ աշխարհում։ Սակայն առկա է վարկավորման ծավալների կտրուկ աճ։  «Եթե առաջին եռամսյակի, որը ամենապասիվ շրջանն է, տեմպերը պահպանվեն, ապա տարվա վերջում կունենանք վարկավորման 50 տոկոս աճ»,- հայտարարեց «Անելիք» բանկի ղեկավարը։