Շվեդիայում կորոնավիրուսից մահացածների մեկ երրորդը ծերանոցներում ապրող մարդիկ էին: Տեղական ԶԼՄ-ներում բազմաթիվ տեղեկություններ են տարածվել այն մասին, թե որքան ուժեղ է կորոնավիրուսը հարվածել երկրի ծերանոցներին: Հարյուրավոր դեպքեր են հաստատվել Ստոկհոլմում՝ ամենաշատ տուժած շրջանում եւ երկրի մնացած մասերում, գրում է The Guardian-ը:
Կառավարության վրա ճնշումը մեծանում է: Նրանից պահանջում են բացատրել, թե ինչու չնայած ռիսկերից տարեցներին պաշտպանելու հայտարարված նպատակին, մահացածների մեկ երրորդը ծերանոցներում ապրող մարդիկ են:
Անցյալ շաբաթ, Շվեդիայի հանրային առողջության գործակալության տվյալների համաձայն, 1333 մարդ է մահացել կորոնավիրուսից: Երկրի գլխավոր համաճարակաբան Անդերս Տեգնելը խոստովանել է, որ ծերանոցներում իրավիճակը մտահոգիչ է: «Սա մեր մեծ խնդրահարույց ոլորտն է»,- ասել է նա։
Վարչապետ Ստեֆան Լյոֆվենը հայտարարել է, որ երկիրը բախվել է «լուրջ իրավիճակի» հետ ծերանոցներում, նա խոսել է պաշտպանության միջոցների ամրապնդմանն ուղղված ջանքերի մասին եւ հրամայել երկրի առողջապահական տեսչությանը հետաքննություն անցկացնել:
Վարակաբան Լենա Էյնխորնը, ով եղել է Շվեդիայի կորոնավիրուսային քաղաքականության առաջատար քննադատներից մեկը, կարծում է, որ կառավարությունն ու առողջապահական գործակալությունը դեռեւս դիմադրում են ամենաակնհայտ բացատրություններին․ «Նրանք պետք է խոստովանեն, որ սա հսկայական տապալում է․․․»։
Երկրի առողջապահության գործակալության մասնագետներն այն կարծիքին են, որ ախտանիշ չունեցող, սակայն վիրուսակիր մարդիկ «սահմանափակ թվով մարդկանց են վարակում»։
Ծերանոցներում աշխատողներին խորհուրդ են տալիս դիմակներ չկրել եւ այլ պաշտպանական միջոցներ չօգտագործել, եթե այնտեղի բնակիչների հետ գործ չունեն։
«Այնտեղ, որտեղ ես աշխատում եմ, դիմակներ ընդհանրապես չկան, եւ մենք աշխատում ենք ամենախոցելի մարդկանց հետ», - ասում է ծերանոցում աշխատողներից մեկը: «Մենք ձեռքի ախտահանող միջոցներ չունենք, միայն օճառ: Մենք բոլորս անհանգստացած ենք: Ամենավատն այն է, որ մենք՝ աշխատակիցներս, վարակը փոխանցում ենք տարեց մարդկանց»,- Շվեդիայի հանրային հեռարձակող SVT-ին բողոքել է մի բուժքույր:
Տեգնելի գործընկեր Աննա-Սառա Կարնահանը Sveriges Radio-ին ասել է, որ ծերանոցներում մահվան դեպքերի թիվը «հավանաբար թերագնահատվել է», քանի որ մահացած տարեցներից շատերը թեսթ չեն անցել:





























