Հայաստանի խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանը սպառնում է պատժել նիստերից անհարգելի բացակայող պատգամավորներին` պահումներ անելով նրանց աշխատավարձերից:
ԱԺ նախագահը Facebook-ի իր էջում գրել է, թե «վերջին շրջանում զանգվածային լրատվության միջոցներով հաճախ է արծարծվում Ազգային ժողովի նիստերից որոշ պատգամավորների բացակայության հարցը, ինչի կապակցությամբ լրագրողները ինձ եւս դիմում են»:
«Նշեմ, որ բազմիցս, թե Ազգային ժողովի լիագումար նիստերի եւ թե բազմաբնույթ խորհրդակցությունների ընթացքում բարձրաձայնել եմ Ազգային ժողովի լիագումար նիստերից եւ Ազգային ժողովի քվեարկություններից պատգամավորների բացակայությունների հարցը:
Կարծում եմ, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործող խորհրդարանը պրոֆեսիոնալ է` յուրաքանչյուր պատգամավոր պետք է գիտակցի, որ ժողովրդի կողմից ընտրվել է օրենսդիր աշխատանք իրականացնելու համար եւ վերջինս հանդիսանում է նրա հիմնական աշխատանքը: Իհարկե, չեմ բացառում, որ բացակայությունները ունենան հարգելի պատճառ եւ այս առումով պատգամավորների բացակայությունները, «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքով սահմանված կարգով կարող են ճանաչվել հարգելի»,- գրել է Աբրահամյանը:
Աբրահամյանը խիստ բացասական է գնահատել անհարգելի բացակայությունների փաստը եւ նշել, որ արդեն իսկ հանձնարարել է, որպեսզի այն պատգամավորների աշխատավարձից, որոնք անհարգելի բացակայել են, յուրաքանչյուր օրվա համար կատարվեն պահումներ:
«Չմոռանանք, որ խորհրդարանը պրոֆեսիոնալ դարձել է 1999 թվականից եւ նմանատիպ խնդիրները բնականոն բնույթ կրում են ոչ միայն Հայաստանի այլ նաեւ տարբեր երկրների խորհրդարանների համար: Սակայն, անշուշտ, վերջին հաշվով պատգամավորի գործունեության վերջնական գնահատականը տալիս է ընտրողը»,- ամփոփել է Աբրահամյանը:




























