Գերմանական HWA AG-ն վաճառում է DTM շարքի Aston Martin Vantage մրցարշավային կուպեներ՝ պատրաստված 2019 թվականի սեզոնին: Սա անգլիական մակնիշի ամենաեզակի մեքենաներից մեկն է, որ պատրաստվել է մեր ժամանակներում, հայտնում է «Մոտորը»:
Մրցարշավային Aston Martin-ի վաճառքի փաստը, որպես այդպիսին, հատուկ հետաքրքրություն չի ներկայացնում, բայց Aston Martin Vantage DTM-ն միանգամայն այլ բան է: Սա եզակի մրցարշավային ավտոմեքենա է, որը պատրաստվել է ընդամենը 5 օրինակով, ինչն այն դարձնում է վերջին տարիներին մակնիշի պատրաստած ամենաեզակի ավտոմեքենան:
Մեքենան մշակվել եւ պատրաստվել է գերմանական HWA AG խմբի կողմից ըստ Aston Martin ընկերության հետ համաձայնագրի, սակայն սերիական Ասթոնների հետ ընդհանուր ոչ մի բան չունի, դրա հիմքում դրված է ածխապլաստիկային մոնոկոկը, որը մշակել է KLK Motorsport ընկերությունը եւ պատրաստել Gerg ընկերությունը, ունի 4-գլանանի 2.0 տուրբոշարժիչ՝ 600 ձիաուժ հզորությամբ, որը HWA-ի սեփական մշակումն է, բոլոր մեքենաների կախոցը եւ տրանսմիսիան միասնականացված են:
Հիշեցնենք նախապատմությունը. 2019 թվականին Aston Martin-ը DTM-ում Mercedes-Benz մակնիշը փոխարինեց, որը առաջնությունից հեռացել էր բաժնետերերի որոշմամբ: Գերմանական ավտոարտադրողը DTM շարքում հանդես է եկել 2000 թվականին շարքի վերածնունդի պահից: Մրցարշավային Մերսեդեսների ստեղծմամբ զբաղվել է HWA AG ընկերությունը, որն էլ հենց ստանձնել է Ասթոնների ստեղծումը: HWA-ի տուրբոշարժիչը սկզբում մշակում էին նաեւ Մերսեդեսների համար:
DTM առաջնությունում չորս Aston Martin է ներկայացրել R-Motorsport կոլեկտիվը, որը հայտնի է GT մրցարշավերում անգլիական մակնիշի մեքենաներով ելույթներով: Ամբողջ սեզոնին դրանցով հանդես են եկել բրիտանացիներ Փոլ դի Ռեսթան եւ Ջեյք Դենիսը, իսպանացի Դանիել Հունկադելյան եւ ավստրիացի Ֆերդինանդ ֆոն Հաբսբուրգը: Շվեյցարական թիմը չէր կարողացել պայքար ծավալել գործարանային Audi-ով եւ BMW-ով. նրա վարորդներից եւ ոչ մեկը սեզոնի ընթացքում եզրագծին չի հասել առաջին հնգյակի կազմում: Տարեվերջին R-Motorsport-ը հայտարարել էր HWA-ից մոտորիստների հետ համագործակցությունն ավարտելու մասին, շարժիչների շուրջ բանակցություններ էր վարել BMW-ի հետ, բայց արդյունքում հայտարարել էր, որ 2020 թվականի սեզոնին չի մասնակցի:





























