Ճիշտ չէ իշխանությունների գործողությունները կապել ՀԱԿ-ի պահանջների հետ։ Ապրիլի 28-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Հանրապետական կուսակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը։
«Ասել, որ մենք պահանջներ ենք կատարում, ճիշտ չէ, մենք ի գիտություն ենք ընդունում պահանջները։ Միեւնույն ժամանակ ՀԱԿ-ը հայտարարում է, որ դա ներքին ուժերի ճնշումների արդյունք է, իսկ հետո հայտարարում է, որ դա իր պահանջների արդյունքն է։ Իսկ երկրի նախագահը մի՞թե չէր խոսում այն խնդիրների մասին, որոնք ՀԱԿ-ն է բարձրաձայնում»,- ասաց Ալեքսանյանը։
Պատգամավորի խոսքով, ՀԱԿ-ի ներկայացրած երեք պահանջները քննարկվել են ՀՀԿ-ում։ «Մի մտածեք՝ որեւէ մեկին հաճելի է, որ ձերբակալված են երկրի համար շատ բան արած մարդիկ։ Այդ հարցերը միշտ իշխանությունների օրակարգում են եղել»,- ասաց Ալեքսանյանը։




























