Հայաստանյան քաղաքական ուժերի, այդ թվում` Հայ ազգային կոնգրեսի հիմնական թերությունն այն է, որ նրանք հանդես են գալիս ազգի անունից եւ փորձում են պաշտպանել նրա շահերը, ընդ որում նրանցից յուրաքանչյուրը պաշտպանում է հասարակության կոնկրետ շերտի շահերը: Այդ մասին ապրիլի 28-ին կայացած ասուլիսում հայտարարել է ազգագրագետ, պատմական գիտությունների թեկնածու Աղասի Թադեւոսյանը:

Հարցին, թե որքանո՞վ է Հայ ազգային կոնգրեսը համազգային ուժ հանդիսանում, Թադեւոսյանը պատասխանել է, թե Կոնգրեսի անվան մեջ արդեն կա «ազգային» բառը, եւ նրանք ընտրել են այդ բառը` համարելով, թե պետք է լուծեն ժողովրդի բարեկեցության խնդիրները: «Դա սխալ է, քանի որ ոչ միայն ՀԱԿ-ը, այլեւ մյուս կուսակցությունները պետք է արտահայտեն հասարակության այս կամ այն շերտի շահերը: Իրականում հենց այդպես էլ կա: Հանրապետական կուսակցությունը պատպանում է օլիգարխների շահերը»,- նկատել է Թադեւոսյանը:

Հանրապետական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանի կարծիքով էլ հասարակությունն այսօր ուզում է պարզապես լավ ապրել. «Չեմ կարծում, թե մեր հասարակության մեջ լուրջ գաղափարական տարաձայնություններ կան` սոցիալիզմի, լիբերալիզմի կամ պահպանողականության տեսքով»: