Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` ապրիլի 28-ին ԿԲ-ում հրավիրել է խորհրդակցություն՝ ՀՀ առեւտրային բանկերի ղեկավարների մասնակցությամբ, որտեղ անդրադարձել է ոլորտի բարեփոխումների ծրագրին, նաեւ մակրոտնտեսական ցուցանիշներին ու գնաճին:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանն անդրադառնալով գյուղատնտեսության վարկավորման խնդրին` նշել է, որ այդ բնագավառում բանկային համակարգի ներգրավվածությունը եւ վարկավորման բարենպաստ պայմանները չեն կարող իրենց դրական ազդեցությունը չունենալ ոլորտի վրա:

«Կարծում եմ, որ մենք շարունակելու ենք այս ուղղությամբ միջոցառումները: Ուղղակի, խնդրում եմ եւ՛ Կենտրոնական բանկի նախագահին, եւ՛ ձեզ բոլորիդ, որ այս հարցում լինենք խիստ սկզբունքային եւ անենք ամեն ինչ, որպեսզի վարկային միջոցները ոչ միայն հասնեն գյուղացիական տնտեսություններին, այլ օգտագործվեն նպատակային` հենց գյուղատնտեսական աշխատանքների համար:  Ստեղծվող բարենպաստ պայմանները նրա համար են, որպեսզի գյուղատնտեսական արտադրանքն ավելանա, հողը մշակվի, որպեսզի գյուղացին աշխատի եւ բարձր եկամուտ ստանա: Մեր խնդիրն է` խթանել գյուղատնտեսական արտադրանքը»,-ասել է նախագահը:

Խոսելով մակրոտնտեսական ցուցանիշների եւ գնաճի զսպման մասին` հանրապետության ղեկավարն ընդգծել է, որ ոչ միայն ֆինանսական հատվածի կողմից, այլ նաեւ մնացած գործիքներն օգտագործելով իրականացվող համալիր միջոցառումների շնորհիվ առաջիկա ամիսներին արդեն հնարավոր կլինի որոշակի արդյունքների հասնել եւ տեսանելի ցուցանիշներ ունենալ:

«Ես չեմ փոխել իմ կարծիքը եւ համարում եմ, որ մեր բանկերն իրենց վարկային քաղաքականությամբ փոքր, միջին, ինչու ոչ՝ նաեւ խոշոր տնտեսություններին տրվող վարկերով կարող են էապես ազդել մեր տնտեսական քաղաքականության վրա:  Կարծում եմ, որ այստեղ էլ շահը երկկողմանի է, նույնիսկ եռակողմ` բանկային համակարգ,  մասնավոր տնտեսություններ եւ պետություն: Երեկ հնարավորություն եմ ունեցել մանրամասնորեն ծանոթանալու բանկային համակարգի ցուցանիշներին: Առաջին եռամսյակի ցուցանիշները շատ ոգեւորիչ են: Այս զարգացումները պետք է շարունակենք, եւ մենք՝ որպես պետություն, մշտապես փորձելու ենք խթաններ գտնել այդ զարգացման համար»,-ընդգծել է նախագահ Սարգսյանը: