«Այս կամ այն հարցի սահմանադրականությամբ թող զբաղվի արդարադատության նախարարությունը, ոչ թե` Դուք»,- այսօր՝ ապրիլի 28-ին կառավարության նիստի ընթացքում նման հորդորով վարչապետ Տիգրան Սարգսյանը դիմեց ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին։

Վերջինս Սահմանադրության մասին հիշեց այն ժամանակ, երբ կառավարության նիստի ընթացքում Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը ներկայացնում էր մի շարք օրենքներում («էլեկտրոնային հաղորդակցության մասին», «Վարկային տեղեկատվության շրջանառության եւ վարկային բյուրոների գործունեության մասին») փոփոխությունների նախագծեր։

Այդ փոփոխություններով նախատեսվում է, որ հեռահաղորդակցության ոլորտի օպերատորները պետք է պայմանագրային հիմունքներով տեղեկություններ տրամադրեն վարկային բյուրոներին՝ վարկային ամբոջական պատմություններ պատրաստելու համար։

Ռ. Նազարյանը կառավարության նիստի ընթացքում սկսեց կարդալ Սահմանադրության այն կետը, որով երաշխավորվում է անձնական եւ ընտանեկան կյանքի գաղտնիությունը։ Ռ. Նազարյանի կարծիքով՝ օպերատորների կողմից վարկային բյուրոներին տեղեկատվության տրամադրումը հակասահմանադրական է։ Սակայն կառավարությունն այլ կարծիքի էր ու հաստատեց օրենսդրական փոփոխությունների փաթեթը, որը շուտով կներկայացվի խորհրդարանի քննարկմանը։