Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր` ապրիլի 28-ին Հայաստանում Վրաստանի դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիի հետ քննարկել է միասնական մաքսային ծառայության ձեւավորմանը, նաեւ մարդատար, տրանզիտ իրականացնող մեքենաների՝ հայ-վրացական սահմանի հատման կարգին վերաբերող խնդիրներ:

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ժամանակ խոս ք է գնացել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցերի մասին, որոնք հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի, հերթական` 9-րդ նիստի քննարկման օրակարգի մաս կլինեն:

Հայաստանի վարչապետը կարեւորել է երկու պետություններում դեսպանատների աշխատանքը, քանզի Հայաստանի եւ Վրաստանի դեսպանները ամեն օր զբաղվում են առարկայական հարցերով, որոնք առնչվում են մեր քաղաքացիների շահերի հետ:  «Մենք առանձնահատուկ հարգալից վերաբերմունք ունենք վրաց ժողովրդի նկատմամբ: Ուրախ եմ, որ քաղաքական բարձր մակարդակով այդ հարաբերությունները պահպանվում եւ ամրապնդվում են»,- ասել է Տիգրան Սարգսյանը: