Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, ինքնասպանություն գործելու առավել մեծ հակում ունեն 22-25 տարեկան երիտասարդները՝ հիմնականում արական սեռի ներկայացուցիչներ։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին նշեց հոգեբան Կարինե Նալչաջյանը՝ ավելացնելով, որ երիտասարդներին ինքնասպանության դրդող հանգամանքները մի քանիսն են՝ սկսած սոցիալական ծանր պայմաններից, վերջացրած բնավորության հուզական առանձնահատկություններով։
«Սակայն հետաքրքիր է, որ վերջին հետազոտությունների տվյալներով, ինքնասպանություն գործող մարդանց տարիքն աստիճանաբար բարձրանում է, ընդ որում, ինքնասպանություններ կամ ինքնասպանության փորձեր անում են զարգացած երկրների տարեց քաղաքացիները։ Օրինակ, ԱՄՆ-ում ինքնասպանություն գործում է 63-65 տարեկան տարեց մարդկանց շուրջ 25 տոկոսը»,- նկատեց Կարինե Նալչաջյանը։
Հոգեբանը նաեւ տեղեկացրեց, որ առավել հաճախ ինքնասպան են լինում տղամարդիկ՝ կանանց համեմատ 4։1 հարաբերակցությամբ։ «Պատճառները մի քանիսն են՝ աշխատանքի կորուստ, ֆինանսական դժվարություններ, այնինչ կանանց մոտ գերակշռում են էմոցիոնալ բնույթի պատճառները»,- նշեց հոգեբանը։
Ամփոփելով՝ Նալչաջյանը նշեց, որ ինքնասպանությունների թիվն ավելանում է հատկապես գարնան եւ աշնան ամիսներին։ «Եղանակային փոփոխությունները, սեզոնային անցումները պատճառ են դառնում դեպրեսիաների, որոնք էլ շատ հաճախ հանգեցնում են ինքնասպանությունների»,- ասաց նա։
Նշենք, որ ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում ինքնասպանությունների եւ ինքնասպանության փորձերի թիվն աճել է։ Ըստ Ազգային վիճակագրական ծառայության` 2010 թ. Հայաստանում գրանցվել է 592 նման դեպք՝ 18,9 տոկոսով ավելի, քան 2009 թվականին։ Դրանցից 225-ը ինքնասպանություններ են, 367-ը՝ ինքնասպանության փորձեր։ Ինքնասպանությունների փորձ առավելապես կատարել են 18-29 եւ 30-65 տարիքային խմբերում։ Ընդ որում՝ 18-29 տարիքային խմբերում ինքնասպանության փորձերն աճել են 39 տոկոսով։




























