ԵՄ երկրներին կարող է մինչեւ ամառ կամ նույնիսկ ավելի երկար ժամանակ անհրաժեշտ լինի` պայմանավորվելու համար, թե կոնկրետ ինչպես ֆինանսավորել տնտեսական վերականգնումը կորոնավիրուսի համավարակից հետո լուրջ տարաձայնությունների ֆոնին, հայտնում է Reuters-ը` վկայակոչելով ԵՄ ներկայացուցչին:

Սա խոսում է ԵՄ գագաթնաժողովի արդյունքներից փոքր սպասումների մասին, որը տեղի կունենան ապրիլի 23-ին: Ակնկալվում է, որ ԵՄ առաջնորդները կհամաձայնեն օգտագործել 2021-27 թվականների համատեղ բյուջեն տնտեսական աճի համար: Նրանք նաեւ պետք է պայմանավորվեն 500 միլիարդ եվրոյի անհապաղ փրկարարական միջոցառումների շուրջ, որոնք պետք է ուժի մեջ մտնեն հունիսից:

«Ես հույս ունեմ առաջընթացի հասնել հունից, հուլիս ամիսներին»,- ասել է ԵՄ ներկայացուցիչը, որը մասնակցում է առաջնորդների գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին: Սակայն վերջնական գործարքը կարող է ավելի երկար տեւել, ընդգծել է պաշտոնյան:

Հարուստ, ֆինանսական առումով պահպանողական երկրները, ինչպիսիք են Գերմանիան, Ավստրիան, Դանիան, Շվեդիան եւ Նիդեռլանդները, մերժել են հարավային երկրների` Իտալիայի, Ֆրանսիայի եւ Իսպանիայի կոչերն աճը վերսկսելու համար «կորոնաբոնդերի» թողարկման մասին: Փոխարենը, Եվրահանձնաժողովը փոխզիջում է առաջարկել, որը թույլ կտար ԵՄ գործադիր իշխանությանը մինչեւ 1.5 տրիլիոն եվրո ներդնել տնտեսության մեջ: Սակայն, պաշտոնյայի խոսքով, անդամ մի քանի երկրների շարքում դեռ «իրական դժկամություն» կա սատարելու Հանձնաժողովի առաջարկին: Ազգային մայրաքաղաքները հեռու են պայմանավորվածությունից այն մասին, թե ինչպիսին պետք է լինի վերականգնման ֆոնդը, արդյոք այն մարման ենթակա դրամաշնորհներ կամ վարկեր է ենթադրելու եւ ինչպիսին են լինելու երկրների պարտավորությունները: «Որոշ անդամ պետությունների համար կարեւոր է դրամաշնորհներ կամ սուբսիդիաներ ունենալ, մինչդեռ մյուսների համար դա կարող է միայն վարկերը լինել: Մեծ խզում կա, եւ մենք պետք է ճիշտ բալանս գտնենք,- ասել է պաշտոնյան:- Սա բարդ քաղաքական քննարկում է»:

«Թյուրըմբռնում կա առ այն, որ հարավը ցանկանում է օգտագործել COVID-ի ճգնաժամը` հին պարտքերը հյուսիս վրա դնելու համար,- ասել է պաշտոնյան:- Հյուսիսը մտավախություն ունի, որ պարտքային փոխադարձ ազդեցությունն ապագայում կազդի դրանց ֆինանսական եւ տնտեսական իրավիճակի վրա հարավում ընդունված որոշումների արդյունքում»:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հրապարակայնորեն հայտարարել է, որ Բեռլինը պատրաստ է օգնել սկսելու տնտեսական աճը` ԵՄ բյուջեի ավելացման եւ Հանձնաժողովի միջոցով համատեղ պարտքի տրամադրման հաշվին: Սակայն, թվարկելով մնացած բազմաթիվ խոչընդոտները, պաշտոնյան ասել է. «Քաղաքական գծերը շարժվում են, բայց դրա համար ժամանակ կպահանջի»: Ակնկալվում է, որ ԵՀ-ն ապրիլի 29-ին նորացված առաջարկ կներկայացնի բլոկի յոթամյա բյուջեի մասով` այդ թվում նաեւ այն, թե ինչպես կարող է աշխատել դրա հետ կապված վերականգնման ցանկացած Հիմնադրամ: