Ապրում եմ մայրիկիս հետ 1 սենյականոց փլված տանը, որտեղ անգամ պատուհանները ցելաֆոնապատ վիճակում են, ապակիների կեսը չկան։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախյան պատերազմի մասնակից, առաջին խմբի հաշմանդամ Հարություն Թովմասյանը։
«Տարեցտարի ինձ մոտ առաջանում են առողջական տարբեր խնդիրներ, տարվա մեջ երեւի 3–4 անգամ հիվանդանոցներում եմ լինում, նաեւ 2 անգամ ֆիզոթերապիայի եմ գնում, քանի որ ունեմ նաեւ ոսկորների հետ խնդիրներ։ 13 տարի չեմ քայլել, գամված եմ եղել շարժասայլակիn, դրանից հետո վիրահատեցին, 2 կոնքերս պրոթեզավորեցին, այժմ քայլում եմ պրոթեզների հաշվին»,–ասաց նա։
Հարությունի խոսքով՝ բազմիցս դիմել է կառավարությանը, որպեսզի աջակցեն, քանի որ ստացած թոշակով չի կարողանում տարրական կենսական նշանակության հարցեր լուծել. «Ես դեղերս ստանում եմ պոլիկլինիկայից, բայց թանկարժեք դեղերը պետպատվերի մեջ չեն ներառվում։ Մի դեղ կա, որ ոսկորների համար է եւ ամեն ամիս պետք է պարտադիր խմեմ, 18–20 հազար դրամ է, էլ չասեմ, որ տրանսպորտից չեմ կարողանում օգտվել, ամեն ամիս մոտ 10 հազար դրամ էլ տաքսիներին եմ վճարում։ Դիմել եմ կառավարությանը, որ գան տեսնեն, թե ինչ վիճակում եմ ապրում, բայց արձագանք չի եղել, նույնն էլ քաղաքապետարանից։ Խնդիրներ ունեմ՝ թե սնունդի, թե հագուստի, եւ շատ այլ հարցեր, այդ թվում բուժման խնդիրներ։ Այնպիսի վիճակ է ստեղծվել, որ խանութներից հացը մենք պարտքով ենք գնում, ուղղակի չգիտեմ, որ հարցը լուծեմ։ Ես խնդրում եմ կառավարությանը եւ բարի մարդկանց, ովքեր կցանկանան, թող մեզ այս ծանր վիճակից հանեն, շնորհակալ կլինեմ, ուղղակի խոսքերով հնարավոր չէ այս ամենը նկարագրել»։
Նրա խոսքով՝ Կառավարության կողմից Կորոնավիրուսի սոցիալական հետևանքների չեզոքացման ծրագրերից ոչ մեկի պահանջներին ինքը չի համապատասխանում. «Զանգեցի, հերթով կետերն ասացին, որը ինչ է, ոչ մի կետի չեմ համապատասխանում, աջակցություն չի հասնում»։
Եթե կան մարդիկ, որոնք կցանկանան օգնություն տրամադրել, կարող են զանգահարել նշված հեռախոսահամարով՝ 093935603, նաեւ հաշվեհամար կա բացված նրա մայրիկի՝ Վեներա Բաղդասարյանի անունով՝ ՎՏԲ-Հայաստան բանկ 5362340003997567։





























