Շիրակի մարզում մնացած վերջին եւ միակ մեքենաշինական ձեռնարկությունը` Գյումրիի «Քարհատ մեքենա» ՓԲԸ-ն չի աշխատում, որի աշխատակիցները պարապուրդի են մատնված արդեն հինգ ամիս: Նրանց ժամանակավորապես արձակուրդ են ուղարկել` հորդորելով, վերադառնալ, երբ ղեկավարությունից ինչ որ մեկը զանգահարի: Գործարանը վերջին արտադրանքը տվել է անցած տարեվերջին, իսկ նոր պատվերներ չկան:
«Հինգ հաստոց արտադրեցինք, երեքը տարան Ղազախստան, երկուսն առ այսօր սպասում ենք, որ գնորդ հայտնվի: Գնորդ չկա: Մեր պատվերները հիմնականում դրսից են `արտերկրից, արդեն քանի ամիս`պատվերներ չունենք»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է «Քարհատ մեքենա» ընկերության գլխավոր ինժեներ Դավիթ Ղազանչյանը, հավելելով, որ այսօր ամբողջ հավաքման արտադրամասում 2-3 հոգի է աշխատում, եւս այդքանը մեխանիկական արտադրամասում: Նրա ներկայացմամբ, այսպես շարունակվելու դեպքում շատ հնարավոր է, որ սեփականատերը մի օր էլ որոշի, որ 50 հոգուն անվերադարձ տուն է ճանապարհելու:
«Եթե մարդը շահույթ չունի, գնորդ չունի, արտադրի-կուտակի ի՞նչ անի»,-ասել է գլխավոր ինժեներ Դավիթ Ղազանչյանն ու շարունակել. «Գործարանի տնօրինությունն առաջարկ է ներկայացրել ներքին մեքենաշինական պատվերներ կատարել, մինչեւ գործարանը պատվերներ կունենա, բայց առաջարկին չեն արձագանքել: Ներքին արտադրողը պաշտպանված չէ, թե չէ կարելի է այնպես կազմակերպել, որ Հայաստանը ոչ թե ներկրի, այլ սեփական արտադրանքը շահագործի: Մերը չեն գնում, ներկրում են Չինաստանից»:





























