ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, թե արդեն իսկ հանձնարարել է անհարգելի բացակայած պատգամավորների աշխատավարձերից պահումներ կատարել։

«ՉԻ»– Մի կողմից՝ լավ է, որ ոլորտում առողջ մրցակցություն կա, եւ պատգամավորներն ընտրության հնարավորություն ունեն։ Նրանք կարող են ընտրություն կատարել փողով «բուլետեն» բերելու եւ աշխատավարձի մի մասից զրկվելու տարբերակների միջեւ։ Բայց մյուս կողմից էլ՝ ո՞վ է որոշելու, թե որ բացակայությունն է հարգելի, եւ որը՝ ոչ։ Օրինակ՝ ԱԺ աշխատանքները բոյկոտելը կամ արտասահմանյան կազինոներում խաղալը հարգելի՞ պատճառ է, թե՞ ոչ։

Բացի այդ էլ, արդարացի կլիներ, եթե անպարտաճանաչ պատգամավորների աշխատավարձերից պահված գումարը բաժանվեր մյուսներին։ Ի վերջո՝ մեր խորհրդարանի միակ փաստացի գործառույթը կոճակ սեղմելն է, իսկ բացակայողների փոխարեն կոճակ սեղմողներ միշտ էլ գտնվում են։ Ուրեմն ինչո՞ւ հենց նրանց էլ չպարգեւատրել «պլանը գերակատարելու» համար։

Այսպես թե այնպես՝ անհարգելի բացակայող պատգամավորները հազիվ թե նկատեն, որ իրենց աշխատավարձը պակասել է։ Նրանցից շատերը չգիտեն էլ, որ իրենց աշխատավարձ է «հասնում»։