«Մարքսիստական կուսակցության» ղեկավար Դավիթ Հակոբյանը «Առավոտ»-ի հետ զրույցում, անդրադառնալով Հայ ազգային կոնգրեսի շուրջ վերջին շրջանում ի հայտ եկած զարգացումներին, հայտարարել է. «ՀԱԿ-ի ՀՀՇ-ական ընդդիմությունը պետք է քաջ գիտակցի, որ քաղաքական դիալոգի բոլոր կամուրջներն այրված են, եւ երկխոսության մոտիվներով անդրկուլիսային բանակցությունների ձեւով շախմատային պարտիաներ իրականացնելը հանուն նրա, թե ապագա պառլամենտում մի տասնյակ տեղ կհատկացվի ՀՀՇ-ին` կատարյալ մանկամտություն է: Ինքնախաբեություն:

Ընդդիմությունը, եթե իրեն համարում է իսկապես գաղափարական լիբերալ ընդդիմություն, ոչ թե խռովյալ հոգիների խառնամբոխ` իր խառնամբոխական տենչանքով տոգորված, պետք է ունենա միայն մեկ կարգախոս` արցախյան վիկինգների քաղաքական դինաստիայի անվերապահ կապիտուլյացիա: Այլ կարգախոս ժողովուրդը չի ընդունում»: Ավելին, մարքսիստը համոզված է, որ եթե ընդդիմությունը գնա որեւէ զիջման, որեւէ խնդրանքի` հատկապես քաղբանտարկյալների ազատման, Ազատության հրապարակի վերանվաճման ու մարտի 1-ի նոր «ռազբորկաներ» պահանջելու մոտիվներով, «դատապարտված է վերջնական տապալման: Ինքը կդառնա իր քաղաքական գերեզմանափորը»: