«Իսրայելը երբեք չի հերքել հայ ժողովրդի զանգվածային սպանդը: Մենք հասկանում ենք այդ հարցի նրբությունը եւ կիսում ենք հայերի ցավը»,- հայտարարել է Հայաստանում Իսրայելի դեսպան Շմուել Մերոմը ապրիլի 28-ին Երուսաղեմի հրեական համալսարանում, որտեղ Ցեղասպանությանը նվիրված գիտաժողով է կայացել:

Դեսպանն ընդգծել է, թե Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հակամարտությունը վերաբերում է ոչ թե զանգվածային սպանությունների փաստին, այլ պատճառներին եւ գնահատականներին:

«Թուրքերը հերքում են, որ սպանությունները կանխամտածված են եղել, եւ հայտարարում են, որ պատերազմական գործողությունների ընթացքում նաեւ քաղաքացիական բնակչություն է  զոհվում, հայերը խոսում են ցեղասպանության մասին: Ճշմարտությունը պետք է պարզեն բաց քննարկումները փաստերի հիման վրա»,- ասել է նա:

Իսրայելի խորհրդարանի պատգամավոր Զեեւ Էլքինը NEWSru.co.il-ին ասել է. «Մենք մնացինք առանց Թուրքիայի հետ գործընկերության, որը մեր թշնամին դարձավ, եւ կորցրինք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման շանսը»: