Հայաստանի եւ Սփյուռքի գործարար կապերը ընդլայնելու նպատակով կստեղծվի Հայ առեւտրային ցանց (ՀԱՑ)։ Այդ կապակցությամբ այսօր՝ ապրիլի 29-ին Երեւանում տեղի ունեցավ հիմնադիր համաժողովը։ Ցանցը ստեղծվում է Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, Հայ-կանադական գործարար խորհրդի եւ Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատի աջակցությամբ։
«Հայաստանին այլեւս պետք չեն հումանիտար ծրագրեր, Հայաստանին պետք են շահավետ ծրագրեր»,- ելույթ ունենալով խորհրդաժողովի ընթացքում՝ հայտարարեց սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։
Նա խորհրդանշական համարեց, որ նորաստեղծ ցանցի հապավումը ՀԱՑ է։ «ՀԱՑ-ը կօգնի հանապազօրյա հացը վաստակել»,- նշեց սփյուռքի նախարարը։
Համաժողովին մասնակցում էր վարչապետ Տիգրան Սարգսյանը, ինչպես նաեւ Սփյուռքից ժամանած մի քանի տասնյակ գործարար։





























