Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մեկնաբանել է փաստը, որ Միացյալ Նահանգների դեսպան Մեթյու Բրայզային արգելել են այցելել Ջուղայի հայկական գերեզմանատուն:

«Եթե թույլ չեն տալիս, ապա ինչ-որ մի բան ունեն թաքցնելու»,- ասել է Նալբանդյանը ԵՄ ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ համատեղ ասուլիսում:

Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հիշեցրել է, որ վերջին տարիներին Ադրբեջանը ամեն կերպ խոչընդոտում է օտարերկրացիների այցերին, եւ ամբողջ միջազգային հանրությունը ականատես ղավ, թե ինչպես են ադրբեջանցիները փորձում ոչնչացնել Նախիջեւանի հայկական մշակութային ժառանգությունը: «Եւ ոչ միայն հայկական մշակութային ժառանգությունը, այլ նաեւ փորձում են որեւէ հայկական ներկայության հետք չթողնել Նախիջեւանում: Եւ հետո ի՞նչ են ասելու. ասելու են, որ Նոյի թվից Նախիջեւանը մեր պապական տարա՞ծքն է եղել, բայց ո՞վ է հավատալու. անգամ տոլմայի մեծ մասնագետներից ոչ բոլորը կհավատան այդ կարգի պնդումներին»,- նշել է նա:

Նշենք, որ ադրբեջանական իշխանությունները հայկական գերեզմանատունը վերածել են հրաձգարանի: 2006-ին զինվորները մոտ 3 հազար խաչքար էին վերացրել: