Կանադայի ոստիկանությունը պարզել է Նոր Շոտլանդիա նահանգում տեղի ունեցած ողբերգական հրաձգության պատճառը, հայտնում է Reuters-ը: Պարզվել է, որ սպանդը կազմակերպած 51-ամյա Գաբրիել Ուորթմանի կինը փախել էր նրանից: Հայտնի է նաեւ կնոջ փախնելու պատճառը. տղամարդը հարձակվել էր նրա վրա:

Ոստիկանությունը հարձակման մանրամասները չի ներկայացրել. հայտնի է միայն, որ կինը փախել է եւ թաքնվել անտառում:

Տեղական լրատվամիջոցները գրում են, որ կինը կապված է եղել: Նրա անունը չի հրապարակվում: Հայտնի է միայն, որ կինը հրազենային վնասվածք է ստացել, այժմ  բուժվում է եւ համագործակցում է ոստիկանության հետ:

«Դա ակնհայտ հարձակում էր, կնոջը հաջողվել էր փախչել: Դա կարող էր դրդապատճառ դառնալ հետագա իրադարձությունների շղթայի համար»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Նոր Շոտլանդիայի հեծելազորային ոստիկանության սուպերինտենդանտ Դարեն Քեմբելը:

«Այնուամենայնիվ, մենք չենք բացառում նաեւ նախնական պլանավորման հնարավորությունը»,- ասել է նա:

Շաբաթ երեկոյան փախուստից հետո կինը գիշերել էր Պորտապիկի մերձակայքում գտնվող անտառում, դուրս էր եկել միայն կիրակի առավոտյան եւ փրկարար ծառայություն էր զանգահարել:

Իր ամենօրյա ուղերձում Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն բնակիչներին կոչ է արել մասնակցել ժամը 18:00-ին նախատեսված զոհերի հիշատակման վիրտուալ արարողությանը:

Հիշեցնենք, որ շաբաթ օրը լրատվամիջոցները հայտնել էին Կանադայի Նոր Շոտլանդիա նահանգում տեղի ունեցած հրաձգության մասին: Կրակողը 51-ամյա ատամնաբույժ Գեբրիել Ուորթմանն էր, ով ոստիկանական ավտոմեքենայով շրջել էր նահանգով եւ կրակել 19 մարդու վրա: Լրատվամիջոցները նաեւ հայտնել են, որ հրաձիգը ոստիկանության համազգեստով է եղել: Ինքը` Ուորթմանը, գնդակահարվել էր ոստիկանության կողմից: