«Նրանք, ովքեր իմ դեմ հոդվածներ են պատվիրում, երկու նպատակ են հետապնդում` սեւացնել ինձ եւ իմ ներկայացրած քաղաքական ուժը, այսինքն Հանրապետական կուսակցությունը, եւ ստորացնել ինձ որպես տղամարդու»,- մամուլի ասուլիսում հայտարարել էտնտեսական հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը` մեկնաբանելով տեղկեությունները, թե իրեն ծեծի են ենթարկել կազինոներից մեկում:
«Ես հասկանում եմ, երբ մարդիկ վաճառում են մարմինը, բայց երբ հոգին են վաճառում, դա արդեն չափից դուրս է: Ինձ են զանգում իմ ընկերները Լոնդոնից, Ռուսաստանից, երեկ Վրաստանի դեսպանն էր զանգել, որ հավաստիանա, արդյոք ինձ ծեծե՞լ են: Մի՞թե այդպես կարելի է»,- վրդովել է Այվազյանը:
Նա նաեւ նշել է, թե ամոթալի ոչինչ չկա, որ կազինո է այցելում: «Իսկ ով է ասել, որ կազինոն դա վատ է: Ի վերջո, խաղատները Հայաստանում թույլատրված են օրենքով, 19 մլրդ դրամ հարկեր են վճարում: Եւ ո՞վ է ասել, որ խաղատուն այցելողները պարտադիր խաղում են: Ես, օրինակ, չեմ խաղում: 4-5 անգամ եղել եմ Լաս-Վեգասում ու ոչ մի անգամ չեմ խաղացել: Եթե խաղատները վատ են, եթե փակենք, նաեւ բաղնիքները, քանի որ դրանց մասին էլ տարբեր բաներ են ասում»,- ասել է նա:
Նշենք, որ ըստ լրատվամիջոցների ղարաբաղցի երկու գեներալներ ծեծի էին ենթարկել Վարդան Այվազյանին:




























