Ոստիկանության Նաիրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցներն ապրիլի 28-ին օպերաատիվ տեղեկություններ իրացնելով ավազակային հարձակում կատարելու կասկածանքով բերման են ենթարկել Երեւանի բնակիչ, ՌԴ քաղաքացի, 17-ամյա Տիմոֆեյ Զատորկինին, իսկ այսօր առավոտյան բերման են ենթարկել նաեւ 16-ամյա Ալեքսանդր Կուկլեմինին եւ 17-ամյա Պավել Բլոխինին: Այս մասին NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:
Օպերատիվ-քննչական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ երեկ, ժամը 2:30-ի սահմաններում եռյակը Կոմիտասի փողոցում նստում է «Չաո» տաքսի-ծառայությանը պատկանող ՎԱԶ-2107 մակնիշի Տ 5780 համարանիշի թիվ 20 ավտոմեքենան եւ վարորդին` Սամվել Մնացականյանին պատվիրում մեքենան վարել դեպի Զովունի:
Հասնելով Զովունի` խաղատների հետնամասում նրանք դանակի սպառնալիքով վարորդին իջեցնում են ավտոմեքենայից, մտցնում բեռնախցիկը եւ փորձում մեքենան վարելով հեռանալ: Ավտոմեքենան չեն կարողանում գործի գցել, քանի որ վարորդը փակել էր գազի սնուցող խողովակը: Վարորդին հանում են բեռնախցիկից, ծեծի ենթարկում, պահանջում, որ միացնի շարժիչը: Ապա գալիս են Երեւան եւ Բաղրամյան պողոտայում վարորդին թողնում են մեքենայում, հափշտակում Nokia հեռախոսն ու 9 հազար դրամը:
Վարորդին քննիչի որոշմամբ տրվել է դատաբժշկի ուղեւգիր, ավտոմեքենան գտնվում է Նաիրիի բաժնի տուգանային հրապարակում, իսկ եռյակի անդամները, ովքեր մոլոկաններ են, գտնվում են Նաիրիի բաժնի ձերբակալվածների պահման վայրում:
ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ քր.օր.-ի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 4-րդ կետերով (ավազակային հարձակում): Կատարվում է նախաքննություն:





Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի




























