Հայաստանի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամանով` իր դիմումի համաձայն, Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Ա. Սիմոնյանն ազատվել է ռեկտորի պաշտոնից եւ նշանակվել ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար:

ԿԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարի հրամանը միտված է ԵՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի նախատեսվող մրցույթը եւ կառավարման խորհրդի համապատասխան նիստը պատշաճ կազմակերպելուն:

Հաշվի է առնվել այն հանգամանքը, որ ռեկտոր Ա. Սիմոնյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է մայիսի 29-ին եւ սահմանված կարգով մրցույթի անցկացման ժամկետը համընկնում է ուսումնական տարվա ավարտի եւ ամառային արձակուրդների հետ:

ԵՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթը կհայտարարվի սահմանված կարգով: