Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի ռեկտոր է նշանակվել Հովհաննես Թոքմաջյանը: Այս որոշումն ընդունվել է այսօր` ապրիլի 29-ին` համալսարանի խորհրդի նիստում` փակ գաղտնի քվեարկությամբ:

Նշենք, որ վաղը` ապրիլի 30-ին տեղի կունենա Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի խորհրդի նիստը` ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի նախագահությամբ, որի օրակարգում համալսարանի ռեկտորի ընտրության հարցն է:

Հիշեցնենք, որ ապրիլի 26-ին կայացել էր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նիստը, որի ժամանակ բուհի ռեկտոր էր ընտրվել տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը, իսկ ապրիլի 27-ին Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր էր ընտրվել Արմեն Մազմանյանը: