Հայաստանի իշխանությունները որեւէ մեկի հետ գործարքների չեն գնում, անհրաժեշտության դեպքում նրանք ի նպաստ պետության ազնիվ եւ բաց երկխոսություն  են վարում։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով լրատվամիջոցների հրապարկումներն այն մասին, որ իշխանությունների եւ Հայ ազգային կոնգրեսի միջեւ Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի միջնորդությամբ գաղտնի բանակցություններ են ընթանում։

«Անհրաժեշտության դեպքում մենք պատրաստ ենք երկխոսել ցանկացած ուժի հետ, եւ ոչ միայն ՀԱԿ-ի, այլ նաեւ «Ժառանգության» եւ ՀՅԴ-ի հետ։ Իշխանությունները ոչ մի գաղտնի բանակցություններ եւ գործարքներ չեն իրականացնում»,- հավաստիացրեց Շարմազանովը։

Նշենք, որ լրատվամիջոցների տվյալներով, արդեն մի քանի ամիս է, ինչ Հայաստանի իշխանությունները ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի միջնորդությամբ ՀԱԿ-ի հետ բանակցություններ են սկսել։ ՀԱԿ-ն արդեն հայտարարել է, որ իշխանությունները կատարել են իր երկու պահանջները՝ նոր թափ հաղորդել մարտի 1-ի իրադարձություններին եւ թույլ տալ հանրահավաքներ անցկացնել «Ազատության» հրապարակում։ Չկատարված է մնում միայն մեկ պահանջ՝ մարտի 1-ի գործով ձերբակալվածների ազատ արձակումը։