Իրադարձություններն արաբական աշխարհում ինտերնետի եւ սոցիալական ցանցերի զարգացման, մարդկանց գիտակցության վրա դրանց ազդեցության հետեւանք են: Այդ մասին այսօր` ապրիլի 29-ին մամուլի ասուլիսում հայտարարել է արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը` հավելելով, որ վիրտուալ տարածքը իր հետքն է թողնում իրական կյանքի վրա:

Սաֆրաստյանի խոսքով, ներկայումս Մերձավոր Արեւելքում իրականացվում են երեք հիմնական ծրագրեր: Առաջին ծրագրի` Մեծ Մերձավոր Արեւելքի հեղինակը ԱՄՆ-ն է: Երկրորդը Իսլամական նախագիծ է, որ ձեւակերպվել է արմատական կազմակերպությունների` Ալ-Քաիդայի, «Թալիբանի», «Մահմեդական եղբայրների» կողմից: Երրորդը թուրքական նախագիծն է` նեոօսմանիզմի շրջանակներում, որ կազմել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն:

Նա նաեւ նշել է, թե դեռ վաղ է ասել` որ ծրագիրը հաջողության կհասնի: Ինչ վերաբերում է Հայաստանին, ըստ Սաֆրաստյանի, երրորդ նախագիծը մեզ համար անթույլատրելի է: Սաֆրաստյանը նշել է, թե Հայաստանն ու հայ ժողովուրդը հաջող հարաբերությունների փորձ ունեն ինչպես ժողովրդավարական արժեքներ կրողների, այնպես էլ իսլամի հետնորդների հետ: «Արաբական աշխարհում հայերի համար փոփոխություններն անցանկալի են: Սակայն պետք է հիշել, որ հայերը կարող են ընդհանուր լեզու գտնել բոլորի հետ»,- ամփոփել է փորձագետը: