Հայաստանում ներքին ուժերի կողմից ներկայումս քաղաքական մեծ նախագիծ է իրականացվում՝ ուղղված խոշոր աշխարհաքաղաքական նպատակներին։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։
Նրա խոսքով, այդ գործընթացն իրականացվում է իշխանությունների եւ ընդդիմության կամքից անկախ՝ արտաքին ուժերի կողմից։ «Այդ նախագծի իրագործումը հեռուն գնացող մի քանի նպատակներ ունի, որոնք վերաբերում են ղարաբաղյան հարցին, հայ-թուրքական հարաբերություններին եւ ընտրությունների ժամանակ այդ ուժերից յուրաքանչյուրին ցանկալի արդյունք ապահովելուն։ Սակայն բոլոր այս նպատակները աշխարհաքաղաքական այդ նախագծի միայն մի մասն են»,- հայտարարեց փորձագետը։
Նշենք, որ ըստ հայկական լրատվամիջոցներում շրջանառվող խոսակցությունների, Հայաստանի իշխանությունները եւ Հայ ազգային կոնգրեսը ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի միջնորդությամբ արդեն մի քանի ամիս է բանակցություններ են սկսել։ ՀԱԿ-ն արդեն հայտարարել է, որ իշխանությունները կատարել են իր երկու պահանջները՝ նոր թափ հաղորդել մարտի 1-ի գործին եւ թույլ են տվել հանրահավաքներ անցկացնել «Ազատության» հրապարակում։




























