Հինգ մարդ, որ ենթադրաբար նույն ընտանիքի անդամներ են, գնդակահարվել են Միլոուկիի իրենց տանը:
Ինչպես հայտնում է USA.one-ը, 14-ից մինչեւ 41 տարեկան զոհերին մահացած են գտել քաղաքի հյուսիսային մասում գտնվող տանն այն բանից հետո, երբ մի տղամարդ զանգահարել է 911 եւ ասել, որ «իր ընտանիքը մահացել է»:
Միլուոկիի քաղաքապետ Թոմ Բարեթը դեպքի վայրում լրագրողներին ասել է, որ տանը իրագործված կոտորածի հետեւանքով ողջ է մնացել նորածին երեխան: Քննիչների կարծիքով՝ հրաձիգը որոշել է խնայել նորածնին: Ոստիկանական աղբյուրների տեղեկություններով՝ զինված կասկածյալը 43-ամյա Քրիսթոֆեր Սթոուքսն է, ում կալանավորել են 2 ժամ անց: Ոստիկանները դեպքի վայրում զենք են հայտնաբերել: Իրավապահները չեն հստակեցրել, թե կոնկրետ ով է 911 զանգահարել: Քննությունը շարունակվում է:
Հայտնի է, որ Քրիսթոֆեր Սթոուքսը նախկինում՝ սկսած 2002 թվականից մի քանի անգամ կալանավորվել է, եւ նրան արգելված է օրինական հիմունքներով զենք ունենալ: Նա 2007 թվականին դատապարտվել էր 4,5 տարվա ազատազրկման վկային վախեցնելու եւ գրավով ազատվելու պայմանները խախտելու համար: 2017 թվականին նա իրեն մեղավոր է ճանաչել հասարակական կարգը խախտելու մեջ եւ դատապարտվել է 1 ամսվա ազատազրկման:




























