Ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված Գրիգոր Հարությունյանի ընտանիքը սոցիալական ծանր պայմաններում է ապրում: Գրիգորի մայրը՝ Անահիտ Հարությունյանը, Factor.am-ի հետ զրույցում փոխանցեց, որ ֆինանսական խնդիրների պատճառով այսօր իրենց բնակարանը հոսանքազրկելու էին, բայց հարեւաններից մեկը պարտքով գումար է տվել, որ վճարումը կատարեն: Ընտանիքի կոմունալ վճարները կառավարության՝ կորոնավիրուսի տնտեսական հետեւանքերը չեզոքացնող ծրագրերում սահմանված շեմից բարձր են, ուստի Հարությունյանները չեն կարողացել աջակցման ծրագրից էլեկտրաէներգիայի մասով օգտվել:

«Այս ծրագրերով միայն երկու հազար դրամով գազի վարձ են կրճատել, իսկ լույսը՝ ոչ: Երեկ են եկել զգուշացրել, որ եթե չվճարեմ, պետք է հոսանքազրկեն: 23 հազար դրամ պետք է վճարեմ, բայց չունեմ: Խանութում էլ մթերքի համար 100 հազար պարտք ունեմ, չգիտեմ՝ որ մի գումարը վճարեմ»- ասում է Անահիտ Հարությունյանը:

Անահիտ Հարությունյանի որդին՝ Գրիգորը, զոհվել է 2016-ի ապրիլի 2-ին` Ջաբրայիլում (Ջրական) մարտական դիրքերից մեկը պաշտպանելիս։ Անհավասար մարտերի ընթացքում դիրքի անձնակազմը մարտնչել է մինչև վերջին փամփուշտն ու ընկել քաջի մահով: Նա ապրիլյան պատերազմում 18 անհետ կորած զինվորներից էր, որոնց մարմինները շաբաթներ անց վերադարձրին հայկական կողմին։ Հետմահու Գրիգոր Հարությունյանը պարգևատրվել է ՀՀ «Արիություն» մեդալով:

Անահիտ Հարությունյանն ասում է, որ ընտանիքում գրեթե բոլորն առողջական խնդիրներ ունեն: Բնակարանը հանել են վաճառքի, որ պարտքերը փակեն: Նա բնակվում է Էրեբունի վարչական շրջանում, ասում է, որ խնդիրների մասին փորձել է տեղեկացնել նաեւ քաղաքապետ Հայկ Մարությանին, բայց այդպես էլ չի կարողացել հասնել ընդունելության:

«Փողոցում կհայտնվեմ, բայց պարտքերը կտամ, որ գլուխս հանգիստ բարձին դնեմ: Մայրս վիրահատվել է՝ խոց ուներ, հիմա էլ քիմիա է ընդունում, ես եմ պահում: Մեծ տղաս վիրահատվել է, հիմա Մոսկվայում է՝ խնամիներս են պահում: Պարտքեր, վարկեր վերցրեցի, կեսը փակեցի, մյուս կեսը մնաց: Հինգ միլիոն դրամ ընդհանուր պարտք ունեմ: Արդեն ամաչում ենք խոսել, մտածում են, թե իմ երեխային շահարկում եմ, բայց ուրիշ ելք չկա, ես կործանվում եմ, զանգում՝ օր են ասում, որ փողը տանենք: Քաղաքապետի հետ չեմ կարողանում հանդիպել, հինգ րոպեով չի ընդունում: Ընդունելության համար դիմել եմ, բայց չեն կանչում, ասացի՝ ասեք հերոսի մայր է, ասացին՝ դա կապ չունի»: